Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կիրականացվի հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր

02.09.2021

Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի վարիչ Դագոբերդ Բլոնդոնին եւ հոգեբան Աիդա Առաքելյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվելիք ծրագրի մասին, որն առնչվելու է համավարակից եւ Արցախյան վերջին պատերազմից տուժած, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբելուն։
«Մեր ծրագրի շահառուները կլինեն համավարակից ու պատերազմից տուժած, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչները։ Մենք այժմ պետք է ուսումնասիրենք ընդհանուր իրավիճակը, գնահատենք կարիքները, որից հետո միայն ծրագիրը կդրվի գործողության մեջ։ Այդ պատճառով էլ այժմ կատարում ենք այցեր մարզի սահմանամերձ բնակավայրեր, առողջապահական հաստատություններ, հանդիպումներ ենք ունենում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, որպեսզի կարողանանք հստակորեն գնահատել կարիքները եւ ծրագիրն իրականացնել հասցեական ու արդյունավետ։ Իսկ դրա համար շատ կարեւոր է մարզպետարանի աջակցությունն ու համագործակցությունը։ Մենք համատեղ քննարկման արդյունքում պետք է ճշտենք, թե ինչ կարգով պիտի իրականացվի հոգեբանական աջակցությունը՝ տնային այցերի միջոցո՞վ, թե՞ առողջապահական հաստատություններ շահառուներին հրավիրելով։ Համատեղ քննարկումներ են անհրաժեշտ նաեւ այլ հարցերի շուրջ։ Ամենայն հավանականությամբ, ծրագիրը գործողության մեջ կդրվի 2022 թվականի հունվարից»-ասացին «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպություն ներկայացուցիչները։
Մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, կարեւորելով ծրագրի հրատապությունն ու բովանդակությունը, հավաստիացրեց, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները պահանջված աջակցություն կցուցաբերեն ինչպես կարիքների ուսումնասիրման ու գնահատման, այնպես էլ ծրագրի իրականացման ողջ ընթացքում։
«Մեր մարզի շատ ընտանիքներ են հայտնվել հոգեբանական ծանր իրավիճակներում։ Դրանք Արցախյան վերջին պատերազմում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներն են, սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքները, որոնք այժմ շատ մոտ են գտնվում շփման գծին։ Քիչ չեն նաեւ համավարակից տուժած ընտանիքները, ուստի ծրագրի կարիքն ու հրատապությունը միանգամայն զգալի է։ Մարզպետարանն այս ծրագրի իրականացման հարցում կցուցաբերի իր աջակցությունը»,- նշեց մարզպետի տեղակալը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38