Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց մանկավարժ, ազատամարտիկ Ալվարդ Վարդանյանի կիսանդրին

02.09.2021

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվեց եւ բացվեց մանկավարժ, Արցախյան ազատամարտի հերոս, գրող Ալվարդ Լևոնի Վարդանյանի կիսանդրին։ Կիսանդրու բացման արարողությանը մասնակցեցին Ալվարդ Վարդանյանի հարազատները, զինակից եւ գրչակից ընկերները, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները:
Ալվարդ Վարդանյանի կիսանդրին տեղադրվել է հարազատների ու եղբոր` Արսեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով։ Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Արտիկ Քոչարյանը, համահեղինակը՝ Ռաֆիկ Սարգսյանը։ Դպրոցի դաստիարակչական աշխատաքների կազմակերպիչ Աստղիկ Գալստյանի կողմից կազմակերպած հուշ-ցերեկույթին հնչեցին Ալվարդի ստեղծագործությունները, մտքերը, գաղափարները:
«Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցը դեռեւս 2002 թվականից է կրում Ալվարդ Վարդանյանի հերոսական անունը։ Եվ այս կիսանդրին հավերժորեն պիտի հուշի մեր դպրոց հաճախող ցանկացած աշակերտի, թե ով է եղել այն քաջարի, այն խորագետ ու ազատամիտ հայուհին, ով գրչով ու զենքով մաքառել է իր հայրենիքի ազատության, սերունդների խաղաղ ու ստեղծագործ ապագայի համար։Նա ոչ միայն խոսքով էր փառաբանում իր հայրենիքը, այլ նաեւ գործով ապացուցեց իր նվիրումը, ու մենք խոնարհվում ենք նրա սուրբ հիշատակի առաջ »,-հանդիսության մասնակիցներին դիմեց Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, մանկավարժ Սամվել Մելիքյանը։
Ալվարդ Լեւոնի Վարդանյանը ծնվել է 1948 թվականին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Ավարտել է Զոլաքարի միջնակարգ դպրոցը, ապա ստացել բարձրագույն մանկավարժական կրթություն ու մանկավարժական աշխատանքի անցել Մարտունի քաղաքում, Մասիս ավանում։ 1988 թվականից աշխատել է Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը։ Լաչինի ազատագրումից հետո դպրոց հիմնելու առաքելությամբ մեկնել է այդ շրջան, սակայն 1992 թվականի ամռան ծանրագույն օրերին զենքը ձեռքին համալրել է հայրենիքի ազատագրության մարտիկների շարքերը։ Զոհվել է Ղոչաս գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ, 1992 թվականի հուլիսի 29-ին։ Ալվարդ Վարդանյանի բանաստեղծական ժողովածուն՝ «Մատյան ցավի եւ ցնծության» վերնագրով, հրատարակվել է հետմահու՝ եղբոր ջանքերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38