Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԳՄՍ նախարարն այցելեց Սոթքի և Կութի միջնակարգ դպրոցներ

01.09.2021

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի և Կութի միջնակարգ դպրոցներում դպրոցականներին նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղամասարի համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Սոթքի միջնակարգ դպրոցում հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած համագյուզացիների հիշատակը հավերժացնող հուշատախտակին: Այնուհետև նախարարը և փոխնախարարը Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ծանոթացան առկա պայմաններին ու հնարավորություններին: Վահրամ Դումանյանը շնորհավորեց և գրենական պիտույքների փաթեթներ նվիրեց Սոթքի միջնակարգ դպրոցի առաջին դասարան հաճախող 18 սաներին, անմիջական զրույց անցկացրեց նրանց հետ:
Սոթքի միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում դպրոց է հաճախում 163 աշակերտ, որոնցից 6-ը 12-րդ դասարանի սաներ են: Դպրոցում գործում է նախակրթարան, որտեղ հաճախում է 15 երեխա: Դպրոցում ներդրված է նաև ներառական կրթության համակարգը՝ 2 սանով: Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանի հավաստմամբ՝ նոր ուսումնական տարին դպրոցում մեկնարկել է ավանդական օրվա համաձայն, ոչ մի խուճապ կամ անհանգստություն չկա, այս տարի, ի հաշիվ 2020 թվականին Արցախից տեղափոխված ընտանիքների, դպրոցում աշակերտների թիվն ավելացել է:
Հյուրերն այնուհետև այցելեցին Կութի միջնակարգ դպրոց, շրջեցին դպրոցում, զրուցեցին դպրոցականների հետ: Թեև դպրոցականների թիվն այստեղ չի նվազել, բայց առաջին դասարան հաճախող միակ աշակերտը փոքրիկ Ժիրայրն է, ով իր դաընթացն առայժմ կանցկացնի եռակոմպլեկտ դասարանում, իրենից ավագ երկու երկրորդ և երկու երրորդ դասարանի աշակերտների հետ: Կութի միջնակարգ դպրոց այս ուսումնական տարում կհաճախեն 21 աշակերտ: Դպրոցում գործում Է նաև մեկ երկկոմպլեկտ դասարան, ուսուցչի պահանջ չկա: ԿԳՄՍ նախարարն այս դպրոցում ևս շնորհավորեց մանկավարժներին և դպրոցականներին՝ վերջիններիս նվիրելով գրենական պիտույքների փաթեթներ:
«Սոթքը և Կութը այսօր մեր ուշադրության կենտրոնում են, և մենք այստեղ ենք՝ վերահաստատելու, որ հաստատակամ ենք մեր նախաձեռնություններում, և պետք է նաև Սոթքից և Կութից սկսվեն մեր հզորացման բոլոր ճանապարհները: Այս դպրոցներում մենք տեսնում ենք համայնքի բնակիչների, դպրոցականների և նրանց ծնողների բարձր տրամադրությունը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի համագործակցություն են ծավալում տեղական կառույցները դպրոցների ղեկավարների հետ: Իհարկե, այս կրթօջախներում, որոշակի գործողություններով պայմանավորված, դեռևս խնդիրներ ունենք, սակայն նոր ուսումնական տարվան պատրաստ լինելուն միտված աշխատանքները նկատելի են, և ոչինչ չի կարող մեզ շեղել մեր նպատակներից և առաջընթացից: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կրկին շնորհավորում եմ ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ հանրապետության բոլոր դպրոցականներին»,- իր խոսքում նշեց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55