Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց եւ բացվեց ակադեմիկոս Պապին Ղանդիլյանի կիսանդրին

01.09.2021

Գավառ քաղաքի  Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում, որը տեղակայված է Հացառատ թաղամասում,  տեղադրվեց եւ բացվեց գիտնական, ակադեմիկոս Պապին Ղանդիլյանի կիսանդրին։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ աշակերտները, Պապին Ղանդիլյանի դուստրը, հարազատները եւ համաքաղաքացիները։ Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Նելսոն Ասոյանը։
Ողջունելով ու շնորհավորելով հանդիսության մասնակիցներին՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալիտա Գասպարյանը շեշտեց, որ նորակառույց ու շքեղ դպրոցում այսօր հանդիսավորությամբ է նշվում առաջին սեպտեմբերի 1-ը։ Պետական միջոցներով կառուցված ու ժամանակակից շենքային լավագույն պայմաններ ունեցող դպրոցն իր առաջին նոր ուսումնական տարում ընդունել է 420 աշակերտի։ «Մեր դպրոցը հպարտորեն է կրում համաքաղաքացի, հանրաճանաչ գիտնական Պապին Ղանդիլյանի անունը։ Գյուղատնտեսական բնագավառում կատարված նրա հայտնագործությունները ճանաչված ու գնահատված են նաեւ Հայաստանից դուրս, աշխարհի բազմաթիվ երկրներում։ Պապին Ղանդիլյանի կիսանդրին լավագույն առիթն է՝ նրա գործն ու անունը հիշելու եւ շարունակելու։ Մեզ մոտ այսօր առանձնահատուկ տոն է, քանի որ տարիների համառ ջանքերից հետո մենք, շնորհիվ հայրենի կառավարության ու Ասիական զարգացման բանկի, այլ կառույցների ու շինարարների, ունեցանք արդի չափորոշիչներին համապատասխան այս դպրոցը։Իսկ նրա բակում տեղադրված մեծ գիտնական Պապին Ղանդիլյանի կիսանդրին խորհրդանշում է ուսման հանդեպ ձգտումը, դերն ու նշանակությունը։ Արցախյան պատերազմի թողած վերքերը, համավարակի ծանր հետեւանքները մենք կհաղթահարենք նվիրական աշխատանքով, կրթական ու գիտական նվաճումներով, մեր հայրենիքի շենացմամբ ու նորանոր ձեռքբերումներով։ Այս տոնական օրը մեզ առանձնակի հույս ու հավատ է ներշնչում»,-ներկաներին դիմեց տնօրենի պաշտոնակատարը:
Ողջույնի ու շնորհավարանքի խոսքերով հանդես եկան նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ Ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը, Պապին Ղանդիլյանի մանկության, պատանության եւ ուսանողական տարիների ընկեր, համագյուղացի Սերյոժա Ղարիբյանը։ Դպրոցի շնորհալի սաները գրական-երաժշտական կատարումներով առանձնակի շուք հաղորդեցին միջոցառմանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38