Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արաքս» թռչնաֆաբրիկան անհատույց հավի ճտեր է տրամադրում Գեղարքունիքի մարզի կարիքավոր կամ անապահով տնտեսություններին

31.08.2021

Արմավիրի մարզում գործող «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունը անհատույց կարգով 1 օրական ճտեր է բաժանում Արցախյան 44-օրյա պատերազմում Գեղարքունիքի մարզից զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով տնտեսություններին։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արմեն Բադոյանը, օգնությունը հատկացվում է մարզի բոլոր տարաշրջանների համայնքների տնտեսություններին։ Նախօրոք ընտրվել են այն տնտեսությունները, որտեղ ճտերի հետագա խնամքի ու պահպանության համար կան բոլոր նպաստավոր պայմանները։ «Մարզի 57 համայնքներից միայն 8-ում ճտեր ստանալու եւ խնամելու ցանկություն չեն հայտնել, ուստի բաշխումը կատարում ենք Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջանների 49 համայնքների 1621 տնտեսություններում։ Ընդհանուր առմամբ, բաշխվում է 30 հազար 430 հատ հավի 1 օրական ճուտ։ Յուրաքանչյուր տնտեսություն ստանում է 10-ից մինչեւ 50 ճուտ՝ ըստ նախօրոք համայնքապետարանների կողմից ներկայացված ցուցակների։ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվում է 50, վիրավորների ընտանիքներին՝ 30 , իսկ անապահով ընտանիքներին՝ 10 ճուտ։ Բոլոր ընտանիքները ոգեւորությամբ են ընդունում «Արաքս թռչնաֆաբրիկա¦ ընկերության օգնությունը: Բաշխումը կատարվում է նույն ընկերության ծախսերով ու վերահսկողությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ բոլոր համայնքապետարանների հետ համագործակցությամբ։ Ճտերը շահառուներին հանձնվում են առողջ ու կենսունակ վիճակում։ Կարծում ենք, որ սա շատ կարեւոր քայլ է ոչ միայն կարիքավոր ընտանիքների կողմից աղքատության նվազեցման, այլ նաեւ մարզում թռչնաբուծության ճյուղի զարգացման տեսանկյունից»,-ներկայացրեց Արմեն Բադոյանը։
Շահառուներից իր տպավորություններով կիսվել է Գավառ քաղաքի բնակիչ Արծրուն Հակոբյանը։ «Որպես զոհված զինծառայողի ընտանիք՝ մեզ հատկացվել է 50 թեւ ճուտ՝ բոլորն էլ առողջ վիճակում։ Մինչ այժմ մենք թռչնաբուծությամբ չենք զբաղվել, անասուն ենք միայն պահել, սակայն սիրով կխնամենք ու կպահպանենք այս ճտերին, քանի որ դրա համար ունենք բոլոր համապատասխան պայմանները։ Շնորհակալ ենք թռչնաֆաբրիկայի տնօրինությանը, որ մեզ անշահախնդիր աջակցություն է ցուցաբերել»,-ասաց Արծրուն Հակոբյանը։
Մինչեւ օրվա վերջ ճտերի բաշխումը մարզում կավարտվի ամբողջությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03