Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թյուրինգիայի արական երգչախումբը համերգով հանդես եկավ Գավառ քաղաքում

25.08.2021

Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային համագործակցության շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայի Թյուրինգիա քաղաքի արական «Արս Մուզիկա» երգչախումբը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, համերգը կայացել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության շնորհիվ։ Թյուրինգյան երգչախմբին է միացել նաեւ Գավառ քաղաքի Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ Համերգն ունկնդրել են Գավառ քաղաքի կրթամշակաթային հաստատությունների աշխատակիցներ, արվեստասերներ։ Հանդիսատեսի դատին են ներկայացվել տարբեր երկրների կոմպոզիտորների մեղեդիներ։ Երգացանկում են եղել նաեւ հայ կոմպոզիտորներ Կոմիտասի եւ Մակար Եկմալյանի երգերը։
«Արս Մուզիկա» երգչախումբը ներկայացրել է կոմպոզիտորներ Յակոբ Հենդլի, Յակոբ Արկադելթի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Պիոտր Յանչակի, Լեոբարդ Քոենի, Ջիմ Պապուլիսի ստեղծագործությունները,  Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Յոհան Հայդնի, Ֆրանց Շուբերտի, Ֆելիքս Մանդելսոն-Բարթոլդի, Հայնրիխ Վերների, Ֆրիդրիխ Զիլխերի եւ Սիմոն Բրոյի ստեղծագործությունները։ «Այն, որ երաժշտությունը սփոփում է, ուրախություն պարգեւում մարդկանց եւ սահմաններ հաղթահարում, մենք կարողացանք հասկանալ մեր բազմաթիվ համերգների ընթացքում։ Մենք այս համերգների միջոցով անձամբ հնարավորություն ունենք՝ ծանոթանալու այն երկրին ու ժողովրդին, որոնց հետ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո կապված ենք զգացմունքային թելերով, մի երկիր, որտեղ քրիստոնեական հավատքը ավելի հին եւ խոր արմատներ ունի, քան աշխարհիս երեսին որեւէ այլ տեղ։ Ձեր առջեւ կանգնելը եւ երգելը մեծ պատիվ է մեզ համար»,-հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց գերմանական երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Մայք Գրուխենբերգը ։
«Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսների բուռն ծափահարությունների ու ոգեւորության ալիքի ներքո։ Շատ հաճելի էր տեսնել նաեւ, թե Գավառի երգչախմբի սաներն ինչպիսի վարպետությամբ էին կատարում հանրահայտ դասականների երգերը, նաեւ շատ հաճելի էր գերմանական երգչախմբի կողմից ունկնդրել հայ կոմպոզիտորների երգերը։ Մի խոսքով, այդ օրը գերմանական, հայկական ու այլ ժողովուրդների ստեղծած երգարվեստների մերձեցման օր էր, որն առաջացնում էր տոնական բարձր տրամադրություն»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գեղամ Չարվադարյանը։
«Արս Մուզիկա» երգչախմբի հերթական համերգը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Գեղարքունիքի մարզի ԼիՃք համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:04:59