Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում Վաղաշեն գյուղից զոհված ինը հայորդիների հիշատակին

24.08.2021

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մշակույթի տանը Վաղաշենի ուսանողների, երիտասարդության եւ դպրոցականների նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված հերոսներ Նվեր Բադոյանի, Նորիկ Հայրապետյանի, Արման Մալխասյանի, Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի , Զոհրաբ Արշակյանի, Սամվել Գասպարյանի, Խաժակ Գրիգորյանի եւ Արտյոմ Պետրոսյանի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածարջանի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ նախագահ Արսեն Ֆիդանյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա միջոցառման նախաձեռնող խմբի կողմից ներկայացվեց պատմական համառոտ տեղեկանք՝ Արցախյան վերջին պատերազմին մասնակցած վաղաշենցի քաջորդիների մասին։ Վերջին պատերազմին Վաղաշեն գյուղից մասնակցել են 85 հոգի, որոնցից 30-ը գտնվել են ժամկետային, 8-ը՝ պայմանագրային զինծառայության մեջ, 25-ը զորակոչվել են ՄՈԲ-ով, իսկ 22-ը եղել են կամավորներ։ Նրանցից ինը մարտիկներ իրենց անունը հավերժացրել են պատերազմի տարբեր ճակատներում։
Վաղաշենցի ուսանողները եւ դպրոցականները հերոսներին ներկայացրին անուն առ անուն՝ պատմելով նրանց անցած ճանապարհի, ուսման, բանակային ծառայության, մարդկային արժանիքների, ցուցաբերած սխրանքների մասին։
Իրենց խոնարհումի խոսքերը հնչեցրին «Հայաստան» ամսագրի խմբագիր, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Արսեն Ֆիդանյանը։
Իր երաժշտական կատարումը հերոսներին նվիրեց միջազգային մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը։
Հարգանքի տուրքը շարունակվեց Վաղաշենի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որտեղ ներկաները մոմեր վառեցին ու աղոթեցին հերոսների հոգիների հանգստության համար։ Ապա նրանք ջահերով երթ կազմակերպեցին դեպի Վաղաշեն գյուղի գերեզմանոց ու ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։
«Այս միջոցառումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մատաղ սերունդն առանձնակի է պաշտում իր հերոսներին ու միշտ կսրբացնի նրանց անունները, ավելին, պատվով կշարունակի հայրենիքի պաշտպանության գործը, հանուն որի իրենց ծաղկուն կյանքերը չխնայեցին մեր քաջազուն, ընտրյալ զավակները»,-նշեց Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53