Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ԵԿՄ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման արարողությունը

24.08.2021

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի վարչական տարածքում տեղակայված ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարում տեղի ունեցավ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, պատանի երկրապահներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հորոս հայորդիների հիշատակը։

Օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։

Ողջունելով ներկաներին` ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարի պետ Նարեկ Գալստյանը հավաստեց, որ ԵԿՄ մանկապատանեկան ամառային ճամբարում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, մայրաքաղաք Երեւանից եւ Արցախից, տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչների ընտանիքներից ճամբարում իրենց հանգիստը եւ ռազմամարզական հավաքներն են անցկացրել ավելի քան երկու հազար պատանիներ եւ աղջիկներ։
Ճամբարականներին ողջունեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Սիրելի պատանի երկրապահներ, ես համոզված եմ, որ դուք այստեղից հեռանում եք ավելի պատրաստված և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված։ Ես հավաստիացնում եմ, որ մենք շատ ավելի լավ տեսքի կբերենք այս ճամբարը, այն կզարգացնենք ու կընդլայնենք, որպեսզի մեր ապագա զինվորները կրթության ու հանգստի շատ ավելի լավ պայմաններ ունենան։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին ու Երեւանի քաղաքապետարանին, առողջապահության եւ արտակարգ իրավիճակներին նախարարություններին ու շահագրգիռ մյուս կառույցներին` ռազմամարզական ուսումնական ճամբարի կազմակերպմանը լավագույնս աջակցելու համար», - ներկաներին դիմեց Սասուն Միքայելյանը։
Գավառի մանկատան սան Հայկուհի Մելքոնյանն իր տպավորություններով կիսվեց միջոցառման մասնակիցների հետ։ «Մենք այս օրերի ընթացքում շատ բան սովորեցինք, տիրապետեցինք զինվորական կարգապահությանը, հարստացանք գիտելիքներով, լցվեցինք հայրենասիրությամբ, ձեռք բերեցինք բազմաթիվ ընկերներ, ու հիմա դժվարությամբ ենք բաժանվում իրարից` եկող տարի իրար հանդիպելու ակնկալիքով»,-ասաց նա: Միջոցառման ավարտին ԵԿՄ պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարին աջակցություն ցուցաբերած պետական կառույցներն ու նրանց ներկայացուցիչները, փրկարար ծառայության եւ առողջապահական համակարգի աշխատակիցներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53