Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

23.08.2021

Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ:

Ողջունելով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` մաղթելով առողջություն և հաջողություններ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու գործում:

Խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարի համավարակով ապա պատերազմով պայմանավորված կրթության անընդհատությունը ապահովելու համար: Այնուհետև փոխնախարարը խոսեց բուհերի ընդունելության քննություններին Գեղարքունիքի մարզի դպրոցների արդյունքների մասին: «Գեղարքունիքի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` բժշկական գործը, ապա` կառավարումը, տնտեսագիտությունը և իրավագիտությունը: Պետք է նշեմ, որ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Ես կարծում եմ, որ նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը, նշելով, որ այդ ցուցանիշներին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչ բովանդակային անելիքներ կան կոնկրետ առարկաների ուսուցումը բարելավելու ուղղությամբ:

Փոխնախարարն այնուհետև ներկաների ուշադրությունը հրավիրեց ուսուցիչների ատեստավորման գործընթացի վրա, նշելով, որ այդ ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են և մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որին էլ կհաջորդի ատեստավորումը:
Իր ելույթում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Գեղարքունիքի մարզի տարրական դասարանները պարենային ծրագրի առումով այս տարի անցում կկատարեն պետական բյուջեից ֆինանսավորման, և մենք հնարավորություն կունենանք բոլոր այն դպրոցներում, որտեղ առկա են համապատասխան ենթակառուցվածքներ՝ անցնելու տաք սննդի ռեժիմի»,- համոզված է փոխնախարարը:

Նրա խոսքով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարը նշեց, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո:

Ուսումնական պլաններին, թեմատիկ պլանավորմանը, տնօրենների վերապատրաստումներին, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների շուրջ կատարված աշխատանքների մասին խոսեց կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նա նշեց, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարններից, գործում են նախկին ուսումնական պլանները, իսկ նոր մշակված ուսումնական պլանների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք կիրառվելու են 2 տարի:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ իրենց համակարգման ոլորտներում կուտակված հարցերի և առաջիկա անելիքների մասին խոսեցին ԿԳՄՍ և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչները:
Վերջիններս պատասխանեցին նաև դպրոցների տնօրենների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերի, որոնք առնչվում էին հանրակրթության ոլորտին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55