Նորություններ
Սևանի ափին տեղակայվել է բնապահպանական–արշավախմբային վրանային ճամբարը
18.08.2021
Սևանա լճի ափին՝ Վաղաշեն համայնքի վարչական տարածքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի սաները հուլիսի 31-ից եռօրյա հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում կրթահամալիրի կողմից նախաձեռնած բնապահպանական-արշավախմբային վրանային ճամբարում: Յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկվում է 15-30 դպրոցական:
Օգոստոսի 17-ի դրությամբ, ճամբարում արդեն հասցրել են հանգստանալ ավելի քան 180 ՝ 5-8-րդ դասարանցիներ: Բնապահպանական բաց ճամբարին ընդգրկվում են նաև Վաղաշենի և այլ համայնքների դպրոցականներ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարականները համագործակցում են նաև Ծովինար համայնքի վարչական տարածքում գործող ԵԿՄ ճամբարի պատանի երկրապահների հետ, առաջնորդվելով ճամբար՝ ճամբարի մեջ կարգախոսով: Կրթահամալիրի բնապահպանական-արշավախմբային ճամբարն ունի մարզական, բնապահպանական և արշավային ուղղվածություն, ըստ որի ճամբարականներն օրվա որոշակի ժամերի զբաղվում են նաև լճի ափամերձ և անտառային հատվածների մաքրման աշխատանքներով:
Ճամբարի առօրյային և գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի և Վաղաշենի համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի ուղեկցությամբ այցելեց ճամբար: Նրան դիմավորեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա հյուրերին ծանոթացրեց ճամբարային պայմաններին, կեցության հնարավորություններին: Ղեկավար այրերը զրույց ունեցան ճամբարականների հետ, համատեղ քննարկեցին վրանային ճամբարի զարգացումներին, շրջակա միջավայրի սանիտարական մաքրմանն ու պահպանությանը վերաբերող հարցեր:
Նարեկ Մանուկյանը ողջունեց բնապահպանական-արշավախմբային վրանային ճամբարի նախաձեռնության հեղինակներին, ճամբարականներին և ճամբարի գործունեության հարցում աջակցություն ցուցաբերող կազմակերպություններին, կարևորելով ափամերձ հատվածների հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող ուշադիր ու հոգատար վերաբերմունքը:Նա հույս հայտնեց, որ ճամբարականներն այստեղ նաև կհանգստանան և տուն կվերադառնան հետաքրքիր ու գեղեցիկ տպավորությւոններով:
Ճամբարի պատասխանատուները վստահեցրին, որ այս նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ, ի նպաստ նոր համագործակցությունների ձևավորման և բնապահպանական կարևոր խնդիրների կարգավորման:
«Ճամբարել ենք այս հատված այն նպատակով, որպեսզի մաքրենք այս տարածքը և պատշաճ տեսքի բերենք: Մեր առօրյան շատ բովանդակալից է, այսօրվա դրությամբ արդեն 9-րդ հերթափոխն ենք ընդունել, բայց կան սաներ, որ ցանկություն են հայտնում կրկին ընդգրկվել հերթափոխերում: Շրջակա միջավայրի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը դարձել է մեր կենսակերպը, որտեղ որ հանգրվանում ենք, պետք է ապահովենք բնապահպանական բացարձակ մաքուր միջավայր»,- զրույցի ընթացքում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի կազմակերպիչ Գոհար Եղոյանը:
Բնապահպանական ճամբարականները այս օրերի ընթացքում Վաղաշենի համայնքապետարանի, դպրոցի, համայնքի բնակիչների ազգային պարկի Մարտունու տեղամասի աջակցությամբ արդեն հասցրել են մաքրել ավելի քան 500 քմ ափամերձ տարածք: