Նորություններ
Հիմնանորոգվում է Արծվանիստ համայնքի մանկապարտեզի շենքը
18.08.2021

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առաջիկա օրերի ընթացքում կտրվի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 307 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 13 միլիոն 984 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավաևրությունը, 40 տոկոսը կամ 9 միլիոն 323 հազարը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է մանկապարտեզի առաջին հարկի ներքին հարդարում, նոր դռների եւ պատուհանների տեղադրում, հատակի, սանհանգույցների, էներգոհամակարգի նորոգում։ «Մեր համայնքի մանկապարտեզը, ուր հաճախում էին 90 երեխա, իր գործունեությունը դադարեցրել է 2016 թվականին, շենքային ու սանիտարական անբավարար պայմանների պատճառով։ Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի միջոցով կարողացանք նորոգել մանկապարտեզի շենքի տանիքը, իսկ այս տարի ամբողջությամբ կավարտենք առաջին հարկի հիմնանորոգումը։ Եկող տարվա ընթացքում հերթական փուլով կավարտենք նաեւ երկրորդ հարկի հիմնանորոգումը, եւ մանկապարտեզն իր դռները կբացի սաների առջեւ»,-ներկայացրեց Արծվանիստ համայնքի ղեկավարը։