Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարսեր համայնքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված մանկապարտեզը

27.07.2021

8-ամյա դադարից հետո Վարսերի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները բացեց փոքրիկ վարսերցիների առջև: Մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2019 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020-21 թվականներին այստեղ իրականացվել են ներքին հարդարման,գույքի ձեռքբերման և շենքի արտաքին տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Եռամյա ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ: Ծրագիրը 65 տոկոսով կամ մոտ 93 միլիոն դրամով ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, իսկ 35 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով՝ Վարսերի համայնքապետարանը:
Հուլիսի 26-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր, վարսերցիներ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները շնորհավորեցին միմյանց, համայնքի բնակիչներին և հատկապես համայնքի փոքրիկներին՝ Վարսերում արդի չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ ունենալու համար:
Համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և Գեղարքունիքի մարզպետարանին՝ իրենց կողմից երկար սպասված ծրագրին ընդառաջելու և այն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար:
Վարսերցիներին, մանկապարտեզի աշխատակազմին և սաներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, հույս հայտնելով, որ Վարսերում գործող այս կառույցն իր բովանդակությամբ այսուհետ կնպաստի մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների լավագույն կազմակերպմանը:

«Ես շնորհավորում եմ բոլորիս և ուրախ եմ, որ Վարսեր համայնքը վերջապես ունեցավ չափազանց կարևոր այս ենթակառուցվածքը ևս: Ես շատ կարևորում եմ մանկապարտեզի դերը մեր համայնքներում, քանզի մեր երկրի համար շատ կարևոր է կրթված ու գրագետ սերունդ ունենալը, իսկ կրթության հիմքը դրվում է հենց մանկապարտեզից: Ուրախ եմ նաև, որ այս կառույցը այսուհետ կծառայի ոչ միայն որպես մանկապարտեզի շենք: Շենքի առաջին հարկը նաև կհանդիսանա սպորտային կենտրոն, որտեղ կգործեն տարբեր խմբակներ և որից կարող են օգտվել արդեն դպրոցահասակները: Այս ծրագիրը իրականություն չէր դառնա, եթե չլիներ նաև համայնքապետարանի շահագրգռվածությունը: Ուստի և շնորհակալություն եմ հայտնում ներդրած ջանքի և եռանդի համար և մաղթում ժամանակակից պահանջներին համապատասխան և շատ հետաքրքիր աշխատանք»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հիմնանորոգված մանկապարտեզում ստեղծված է 120 սանի սպասարկման հնարավորություն: Մանկապարտեզի երկրորդ հարկում տեղակայված են խաղասենյակները, ննջասենյակները, սանհանգույցները, իսկ առաջին հարկում՝ խոհանոցն է, լվացքատունը, վարչական սենյակները, բուժկետը և առանձին մուտքով մի քանի դահլիճներ, որոնք կծառայեն համայնքի բնակիչների մարզական կարիքների համար:
Մանկապարտեզի բարեկարգված բակը նաև կահավորված է տարբեր խաղային հնարավորություններով:
Վարսերի նորաբաց մանկապարտեզում առայժմ կհաճախեն 30 սաներ, նրանց թիվն աստիճանաբար կավելանա, քանզի շատերը համայնքի մանկապարտեզի բացակայության պատճառով ստիպված էին իրենց փոքրիկներին այլ համայնքների մանկապարտեզներ տանել: Մանկապարտեզի աշխատակազմը համալրված է համապատասխան մասնագետներոով:
Տոնական միջացառման ընթացքում գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան վարսերցի դպրոցականները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55