Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ համագործակցությունը մարզ է բերել Ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթի ներկայացումները

15.07.2021

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում հյուրընկալվեցին ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթի տնօրեն Բրունո Միաշուն , նույն համույթի գեղարվեստական ղեկավար Միշել Ալե Էգայան և Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Մանուկյանը, Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի հյուրերը խոսեցին այն ծրագրի մասին, որը առաջիկա օրերի ընթացքում «Ալե Էգայան» պարային համույթի կողմից նախատեսվում է ներկայացնել հանդիսատեսին:
« Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի հրավերով «Ալե Էգայան» ընկերությունն աշխատել է «Մի ընձյուղ է դուրս գալու» ներկայացման ստեղծման վրա` Սենտ-Անտուան-լ’Աբբեիի թանգարանի ծրագրի շրջանակներում: Այն պատմում է արևելքի և արևմուտքի հոգևորականների կողմից մշակված գիտելիքների և հմտությունների տարածման մասին: Երեք գործողությամբ պարային պիեսը ինքնատիպ ստեղծագործություն է, որը հիմնված է ինչպես արվեստի, այնպես էլ գիտության վրա և պարային համույթի ու թանգարանի արդյունավետ համագործակցության արդյունքն է»,- ասաց «Ալե Էգայան» պարային համույթի տնօրեն Բրունո Միաշուն:
Իր խոսքում «Ալե Էգայան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Միշել Ալե Էգայան նշեց, որ այդ նախաձեռնության նպատակն է՝ օգտագործել ֆրանսերեն լեզուն ուսումնասիրող երեխաների հնարավորությունները, նրանց մեջ խորացնել և հնարավորություն տալ՝ պահպանելու ֆրանսերեն լեզուն:
«Հրաշալի երեխաներ ունեք ձեր մարզում, և տարեցտարի նկատելի է նրանց առաջընթացը: Մենք շատ գնահատում ենք նրանց կողմից կատարած աշխատանքը և հույս ունենք, որ Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև առկա համագործակցությունը կունենա շարունակական բնույթ և կընդլայնվեն համագործակցության ոլորտները»,- նշեց նա:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր և գործընկերների անունից ողջունեց ֆրանսիացի հյուրերին եւ շնորհակալություն հայտնեց մարզ այցելելու համար , հույս հայտնելով, որ համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև համագործակցությունը աստիճանաբար ընդլայնվում է նաև մշակութային ոլորտում, ինչը կրկին փաստում է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների մշակութային բարեկամությունն ունի շատ խորը արմատներ:
«Ողջունում եմ ձեզ մարզ այցելելու համար, ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը և Իզերի դեպարտամենտը ունեն համագործակցության երկարամյա պատմություն և համոզված եմ, որ այդ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: Ողջունելի է, որ Գեղարքունիքի մարզի շատ դպրոցականներ հետաքրքրված են ֆրանսերենով և նկատելի է, որ նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Մեզ համար շատ սիրելի և ընդունելի է ֆրանսիական մշակույթը, և ես շատ կցանկանամ, որ նման միջոցառումների շնորհիվ մեր երեխաները ավելի մոտ կանգնեն այդ մշակույթին և դասեր քաղեն ներկայացվող պատմություններից: Շնորհակալություն Իզերի դեպարտամենտին՝ նման բազմակողմանի և փոխշահավետ համագործակցության համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:
«Ալե Էգայան» պարային համույթը ներկայացումներով հանդես եկավ  Գավառ և Սևան քաղաքներում՝ հուլիսի 16-ին և 17-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38