Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը

14.07.2021

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը։
Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի կրթության, մշակույթի, առռղջապահության ոլորտների կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հոգևոր դասի և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Գեղարքունիքի մարզային միասնական հարթակի ստեղծման նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետարանինն է, որը կյանքի է կոչվել «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ և «Լուսին Մոբայլ» ընկերության մշակմամբ։
Բացման խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացնող անձանց և կազմակերպություններին՝ նախաձեռնությունը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Մարզպետը կարևորեց նման հարթակի գործունեությունը մարզում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի օգտատեր կազմակերպությունների միջև համագործակցությանը և մարզը բազմակողմանիորեն ճանաչելի կդարձնի:
«Գեղարքունիքի մարզային միասնական հարթակի ստեղծման նախաձեռնության մեջ մեր գլխավոր նպատակը եղել է՝ ունենանալ մի հարթակ, որը ամբողջական տեղեկատվություն կտա մարզի կրթամշակութային, տուրիզմի, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտների մասին: Նորաստեղծ հարթակը հնարավորություն կտա միմյանց փոխանցելու հետաքրքիր մտքեր և գաղափարներ, ճանաչելի դարձնել մարզի համայնքները, նրանց միջև ապահովել անմիջական կապ և համագործակցություն:
Հարթակի աշխատանքներում ակտիվ կազմակերպությունների ներգրավվածությունը լավագույն օրինակ կծառայի առավել պասիվ կազմակերպությունների համար: Մենք նպատակ ունենք այս հարթակի միջոցով տեսնել, թե ինչպես են պլանավորում իրենց աշխատանքը հատկապես մարզային ենթակայության կազմակերպությունները և որքանով են դրանք կյանքի կոչվում տարվա ընթացքում:
Գեղարքունիքի մարզային միասնական հարթակը գործառույթների և ընդգրկման առումով առայժմ եզակի է հանրապետության տարածքում, և ես կցանկանամ, որ նրանում կատարված աշխատանքներն ուսուցողական նշանակություն ունենան և դառնան լավագույն օրինակ նաև մնացած գերատեսչությունների համար:
Ի վերջո, ես կցանկանամ, որ այս հարթակը դառնա մեր միասնական գաղափարների հարթակը, որի շնորհիվ մենք ոտքի կկանգնենք, կհզորանանք ու կհաղթենք: Իսկ դրա գրավականը, համոզված եղեք, միասնականությունն է»-իր ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Այնուհետև ՀՀ Գեղաքունիքի մարզպետի խորհրդական, հարթակի ստեղծման աշխատանքների համակարգող Վահագն Դաբաղյանը մանրամասնորեն ներկայացրեց Գեղարքունիքի մարզային միասնական նորաստեղծ առցանց հարթակի գործառույթները և ընձեռած հնարավորությունները։ Ըստ բանախոսի՝ նորաստեղծ հարթակում այսուհետ իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան մարզի կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքացիական հասարակության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում գործող մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունները և զբոսաշրջության ոլորտի ընկերությունները։
Ինչպես նշվեց՝ հարթակում անվճար էջ կունենա մարզում գործող 400-500 կազմակերպություն։ Հարթակի առանձնահատկությունն այն է, որ օգտատեր կազմակերպությունները ոչ միայն բովանդակություն ստեղծողներ են, այլ նաև բավանդակության սպառողներ, ինչը թույլ է տալիս բազմապատկել բոլոր էջերի այցելությունների թիվը։
Գեղարքունիքի մարզային միասնական հարթակի գործարկումը իրենց ելույթներում կարևորեցին նաև «Ֆրեդերիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Շուշանա Սիրականյանը, «Լուսին Մոբայլ» ընկերության ղեկավար Վարազդատ Ավետիսյանը և Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38