Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթ համայնքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակ

08.07.2021

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրում բացվեց հանրահռչակ շանսոնյե, երգահան ու բանաստեղծ Շառլ Ազնավուրի անունը կրող այգի-պուրակը։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ եւ հյուրեր։ Միջոցառմանը նախորդեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ մարզային և հանրապետական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսը, որն անցկացվեց այգի-պուրակում։
Այգի-պուրակը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիսից եւ ավարտվել այս տարվա հունիսին։ Այգի-պուրակում անցկացվել է շատրվանային եւ լուսավորության համակարգ, կառուցվել բեմական հատված եւ տեղադրվել Շառլ Ազնավուրի կիսանդրին` քանդակագործությամբ Գերասիմ Շահվերդյանի։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 860 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը` Շողակաթի համայնքապետարանը։Այս տարի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով Շողակաթի համայնքապետարանի կողմից լրացուցիչ ներդրվել է 12 միլիոն 400 հազար դրամ։
Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակի եւ կիսանդրու բացման օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը։Շառլ Ազնավուրի կիսանդրու եւ այգի-պուրակի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանին։
«Ինչու նորակառույց այգի-պուրակը կրեց մեծն Ազնավուրի անունը։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի էին ունենում Ֆրանկոֆոն միջոցառումներ, մենք համայնքով որոշեցինք հատուկ հրավերով հյուրընկալել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ մեր ականավոր հայրենակից Շառլ Ազնավուրին։ Սակայն փոխարենը ստացանք Ազնավուրի մահվան բոթը, եւ մեր նպատակն անկատար մնաց։ Այն իրականացավ միայն այսպես, Ազնավուրն այս կերպ ու իր հավերժ ներկայությամբ է հյուրընկալվել մեզ »,-նշեց Սուլիկո Շուշանյանը։
Ներկաների հետ տպավորություններով կիսվեց մարզպետ Գնել Սանոսյանը։
«Շատ ենք կարեւորում նման կառույցների անհրաժեշտությունը։Սա մի գեղեցիկ միջավայր է, որտեղ հնարավոր է կազմակերպել մշակութային միջոցառումներ, զբոսնել ու հանգստանալ, անցկացնել հետաքրքիր ժամանց։ Մենք այս պատերազմից հետո նման կառույցներ պիտի շատ ունենանք, որպեսզի կարողանանք փոխել մարդկանց համակած տխուր տրամադրությունները։ Համոզված եմ, որ Ազնավուրի անունը մշտապես կոգեշնչի այս համայնքի երեխաներին` կրթվելու, մեր հայրենիքի համար պիտանի մարդիկ դառնալու համար »,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։
Ներկաներին Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին Շողակաթի միջնակարգ դպրոցի աշակերտները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55