Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հերթական մամուլի ասուլիսը

07.07.2021

2021 թվականի հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզային և հանրապետական սփռման ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփեց իր աշխատանքային գործունեության վերջին 12 ամիսները։
Մինչ ասուլիսի մեկնարկը՝ մարզպետը և ԶԼՄ ներկայացուցիչներն այցելեցին Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի վարչական տարածքում կառուցված և շահագործման հանձնված 5 մեգավատ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որտեղ մարզպետը ԶԼՄ-ներին ներկայացրեց մարզում այլընտրանքային էներգետիկայի արտադրության ներկա ծավալները եւ զարգացման հեռանկարները։ «Այլընտրանքային էներգիայի արտադրությունը մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկն է, եւ մենք հետեւողականորեն առաջ ենք տանում մեր քաղաքականությունը։Այս պահի դրությամբ մենք այլընտրանքային էներգետիկայի արտադրության նպատակով հողի կատեգորիան փոխել ենք 387 հեկտարի վրա, որոնցից 36 հեկտարի վրա այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ։ Արևային ֆոտովոլտային խոշոր կայանի կառուցումը մեկնարկում է նաեւ Մեծ Մասրիկում , 132 հեկտարի վրա։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո միայն Մեծ Մասրիկի արեւային ֆոտովոլտային կայանում կարտադրվի 53 մեգավատ ժամ հզորության հոսանք։Իսկ այս պահի դրությամբ Շողակաթ խոշորացված համայնքի տարածքի կայաններում, որոնք կառուցվել են վերջին երեք տարիների ընթացքում, արտադրվում է 16 մեգավատտ հզորության հոսանք։Մնացած կայանների շինարարության ավարտից հետո Շողակաթի արեւային կայանները միասին վերցրած կարտադրեն 36 մեգավատտ հոսանք։ Շողակաթի արեւային կայանների կառուցման արդյունքում ներդրումները կազմել են շուրջ 15 միլիարդ դրամ։ Շինարարության ընթացքում բացվել է շուրջ 700 ժամանակավոր աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր կայանի շահագործման դեպքում առաջանում է մինչեւ 10 հիմնական աշխատատեղ»,-ներկայացրեց Գնել Սանոսյանը։
Այցի հաջորդ կանգառը Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի շինհրապարակում էր: Ինչպես ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը, հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը է 20,9 կիլոմետր է: Երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման մակերեսը կազմում է 142 հազար 200 քառակուսի մետր և ևս 4259 քառակուսի մետր մակերեսով հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն մուտքերում և իջատեղերում: Կվերանորոգվեն նաև կամուրջները և անցումները, կիրականացվեն ճանապարհի կահավորման աշխատանքներ: Հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 995 միլիոն 500 հազար դրամ: «Հայտարարված էր մրցույթ, որի արժեքը կազմում էր 2 միլիարդ 727 միլիոն դրամ: Մրցույթի արդյունքում շինարարական կազմակերպությունը այդ մրցույթը շահել է 1 միլիարդ 995 միլիոն դրամով: Այսինքն միայն այս շինարարական մրցույթի արդյունքում պետությունը շահել է 737 միլիոն դրամ: Այս ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսված է մինչև այս տարվա վերջը, ամբողջանում է Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որով էլ լուծվում է տնտեսական և ռազմավարական նշանակության կարևորագույն հիմնախնդիրը, որը լուծում չէր ստացել անգամ ԽՍՀՄ ժամանակներում: Այս ճանապարհի հիմնանորոգմամբ նոր զարկ է տրվում գյուղատնտեսության, տուրիզմի, այլ ոլորտների զարգացմանը»,- նշեց մարզպետը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պրոյեկտ» կազմակերպությունը:
Աշխատանքային խումբը հերթական կանգառը կատարեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում, որտեղ իրականացվում է Սևանա լճի ջրի բարձրացման հետևանքով առաջացած փլվածքի վերականգնում: Այն վերականգնվում է գաբիոնային շարվածքով, 730 գծամետր երկարությամբ և 3 մետր բարձրությամբ:
Ասուլիսն անցկացվեց Շողակաթ համայնքի Շառլ Ազնավուրի անունը կրող նորակառույց այգի-պուրակում: Բացելով ասուլիսը՝ Գնել Սանոսյանը խոսեց վերջին մեկ տարում Գեղարքունիքի մարզպետարանի հետ գործակցած պետական, հոգևոր և մասնավոր կառույցների դերակատարության մասին: «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզի ուժային կառույցներին, առողջապահական հաստատություններին, մի շարք հասարակական կազմակերպությունների՝ պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածներում մարզպետարանի կողքին գտնվելու և ցուցաբերած աջակցության համար»,- նշեց Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետը հակիրճ անդրադարձավ Գեղարքունիքի մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին, գրանցված ձեռքբերումներին, առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին։ «Ինչու ենք ասուլիսը նախատեսել անցկացնել Շողակաթ համայնքում: Քանի որ այս համայնքում 2018-2021 թվականների ընթացքում պետության կողմից իրականացված և իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թիվ հասնում է 44-ի, իսկ ներդրումները կազմում են 500 միլիոն դրամ: Այս համայնքի մեջ մտնող 6 փոքր բնակավայրերում հնարավոր չէր լինի այսքան մեծածավալ ծրագրեր իրականացնել, եթե չլիներ համայնքների խոշորացման քաղաքականությունը: Մինչդեռ այսօր համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաբնույթ սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրեր: Լուծվել են ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հիմնական խնդիրները»,-ասաց Գնել Սանոսյանը:
2021 թվականի գարնանը Շողակաթ խոշորացված համայնքում, առաջինը մարզի պատմության մեջ, տեղադրվել ու շահագործվում է հակակարկտային 6 կայան։ Կայաններից երկուսը տեղադրվել է Շողակաթ բնակավայրում, երկուսը՝ Ծափաթաղ, մեկական կայաններ էլ՝ Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում։
Աշխատանքները իրականացվել են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 600 հազար դրամ։
Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ 2021 թվականին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել 136 կենսական նշանակության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ: Այս ծրագրերից ասֆալտապատում է նախատեսվում 36 համայնքում, մանկապարտեզի կառուցում՝ 8, խմելու ջրագծերի կառուցում՝ 19, ոռոգման ցանցերի կառուցում՝ 13, մշակույթի տների կառուցում և հիմնանորոգում՝ 7 համայնքներում: Նախատեսվում են նաև այլ բնույթի ծրագրեր և 1 բազմաֆունկցիոնալ ապաստարանի կառուցում:
Խոսելով քաղաքաշինության ոլորտի մասին՝ մարզպետը նշեց, որ այս պահին պետական և Համաշխարհային բանկի միջոցների հաշվին կառուցվում են Գեղհովիտի, Շատջրեքի, Լեռնահովիտի և Ջիլի դպրոցական շենքերը և Մարտունու բժշկական կենտրոնի շենքը: Սևանա լճի ջրի բարձրացման հետևանքով առաջացած փլվածքները վերականգնվում են լճի ափամերձ հինգ տարբեր հատվածներում՝ դարձյալ պետական միջոցների հաշվին: Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում այս համակարգը գործել է գերծանրաբեռնված ժամանակացույցով, ինչը պայմանավորված է եղել համավարակով և Արցախյան պատերազմով: Սևանի և Մարտունու բժշկական կենտրոններում ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունքներ, Վարդենիսի հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնում պատերազմի օրերին մատուցվել են հոսպիտալային ծառայություններ: «2021թվականից «Գավառի ԲԿ»-ն համալրվել է նոր մասնագետներով: Ամեն շաբաթ Երևանից այստեղ հրավիրվում են բարձրակարգ մասնագետներ և կազմակերպվում են բաց դռների օրեր: Առ այսօր սպասարկվել է մոտ 700 այցելու։ «Սևանի ԲԿ»-ում էխոսրտագրություն, դուպլեքս սպիրոմետրիա, գաստրոսկոպիա հետազոտությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում։ «Մարտունու ԲԿ»-ում վերանորոգվել են մի շարք կաբինետներ, որոնք հարմարավետություն են ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար, ձեռք է բերվել 40 խմ ժամ հզորությամբ թթվածնային ստացիոնար կայան, որը կապահովի մարզի բուժհիմնարկների պահանջարկը: Ներդրվել է էխոկարդիոգրաֆիայի ծառայություն: Այն ունի նաև անոթների գերձայնային` դուպլեքս հետազոտության հնարավորություն: Ձեռք է բերվել վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարք: «Մարտունու ծննդատանը» թարմացվել են բուժգործիքների մոտ 30%-ը: «Վարդենիսի պոլիկլինիկան» ձեռք է բերել ԷԿԳ-ի նորագույն ապարատ, LOR բժշկական սարքավորումների հավաքածու: «Վարդենիսի հիվանդանոցը» համագործակցելով «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ՝ ձեռք է բերել 33 ֆունկցիոնալ մահճակալներ: Հիվանդանոցն ապահովվել է 3 արևային ջրատաքացուցիչներով: Մարզի մի շարք բուժհիմնարկներում ևս իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, ձեռք է բերվել գրասենյակային գույք, շտապօգնության ավտոմեքենաներ, լաբորատոր ժամանակակից սարքավորումներ, անցկացվել են նոր ջրագծեր: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ վերջերս տրվեց Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեության մեկնարկը»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտում առաջացած իրավիճակի մասին՝ պայմանավորված տևական երաշտով: «Տեղումների տևական բացակայության պատճառով մարզի ֆերմերային և գյուղացիական տնտեսություններում դժվարին իրավիճակ է ստեղծվել: Բավարար աճ չեն ապահովել հացահատիկի արտերը, ցանովի և բնական խոտհարքերը: Այս իրավիճակի հաղթահարման համար կարևոր է գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը: Մյուս կողմից էլ հարկավոր է զարգացնել կերային մշակաբույսերի արտադրությունը, որպեսզի գյուղացին կարողանա ապահովել անասունների ձմեռացման շրջանը: Ինչ վերաբերում է մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում բռնկված «Սիբիրյան խոց» հիվանդությանը, ապա պետք է ասել, որ վերջին օրերի ընթացքում համաճարակը կանխարգելված է և բռնկման նոր դեպքեր չեն արձանագրվել, իսկ ողջ անասնագլխաքանակը ենթարկվել է կրկնակի պատվաստման»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը լուրջ ձեռքբերում համարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացումը, որի շրջանակներում Կոտայքի մարզում արդեն կառուցվում է աղբի վերամշակման գործարան, որի շահագործումից հետո Գեղարքունիքի մարզի կենցաղային աղբը ամբողջությամբ կտեղափոխվի վերամշակման,դրանով իսկ լուծելով մարզի բնապահպանական կարևոր հիմնախնդիրներից մեկը: Մարզպետը նշեց նաև, որ 2021 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզում նկատվել է զբոսաշրջիկների մեծ հոսք, որը պայմանավորված է նաև ջերմային բարձր ռեժիմով: Նկատելի է նաև օտարերկրյա զբոսաշրջիկների հոսք մարզի տեսարժան վայրեր: «Մենք աշխատում ենք զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի զբոսաշրջիկների համար ստեղծվեն գրավիչ պայմաններ, ինչն էլ իր հերթին նպաստում է տուրիզմի զարգացմանը մարզում»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը խոսեց նաև մարզի կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման, երեխաների իրավունքների, հանրային իրազեկման, զորահավաքային նախապատրաստության, քարտուղարության, սոցիալական ապահովության, ֆինանսական, բնապահպանական, հողաշինարարության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների, գրանցված հաջողությունների և անելիքների մասին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստեղծված Գեղարքունիքի մարզի միասնական առցանց նորաստեղծ հարթակի մասին / grup.am/:
«Հարթակում անվճար էջ ունեանալու հնարավորություն կստանան ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքացիական հասարակության, առողջապահության և տուրիզմի ոլորտի մոտ 400 կազմակերպություններ։
Հարթակի առավելությունը կայանում նրանում, որ և՛ բովանդակություն ստեղծողները, և՛ դրանց սպառողները միևնույն տեղում են, ինչը մի քանի անգամ բազմապատկում է ինֆորմացիայի տարածման հնարավորությունը։
Հարթակը համագործակցելու հնարավորություն է ստեղծում ինչպես նույն ոլորտի, այնպես էլ տարբեր ոլորտների կազմակերպություների միջև։
Մարզպետարանի համար Հարթակը նաև մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության մոնիտորինգի հնարավորություն է ստեղծում։
Տուրիզմի բաժնում փորձ է արվելու ներկայացնել մարզի ողջ զբոսաշրջային ներուժը՝ տեսարժան վայրերը, զբոսաշրջային ծառայությունները, հյուրատները, ինտերակտիվ քարտեզները և այլն։ Նման Հարթակ հանրապետությունում ստեղծվում է առաջին անգամ։
Ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատասխանեց ԶԼՄ ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին: Դրանք վերաբերում էին մարզի սահմաններին 2021 թվականի մայիսի 12-ից հետո առաջացած իրավիճակին, մարզում մշակութային և զբոսաշրջային կյանքի աշխուժացմանը, մարզի բնապահպանական հիմնախնդիրներին, ներդրումային ծրագրերին, ենթակառուցվածքների զարգացմանը և հետընտրական գործընթացներին:
Ասուլիսի ավարտից հետո ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցեցին Շողակաթ համայնքի նորակառույց այգի-պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 10:09:25