Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային օրը Երևանում

06.07.2021

Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանն էր ուղղված «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում էր Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան: Այս անգամ ծրագրի հյուրերն էին ՀՀ Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` 40 մասնակից:
Ծրագրի մեկնարկին մարզի պատվիրակությունն այցելեց Երևանի պատմության թանգարան: Էքսկուրսիան շարունակվեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համերգասրահի նախասրահում ցուցադրվեց Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքները: Ներկաները մեծ սիրով դիտեցին ցուցահանդեսը և գոհունակություն հայտնեցին ցուցադրված գեղանկարների և գոբելեն աշխատանքների թեմատիկայի, գունային նուրբ և աչք շոյող համադրության, նկարչական վարպետության և որակի վերաբերյալ: Ցուցահանդեսին հաջորդեց համերգային գեղեցիկ ծրագիրը: Ծրագրում ներառված էին ազգագրական պարեր, էստրադային և ժողովրդական երգեր, դաշնամուրային և գործիքային կատարումներ, ասմունք, հումորային կատարում՝ Բայազետի բարբառով: Ծրագրի պարային մասը ներկայացնում էր Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի տան «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը: Դաշնամուրային կատարումներով հանդես եկան Մարտունու երաժշտական դպրոցի սաներ Հասմիկ Հարությունյանը և Անի Սամվելյանը, Սարուխանի արվեստի դպրոցի սաներ Մարինա Հակոբյանը և Հրաչյա Սարգսյանը, Գանձակի երաժշտական դպրոցի սան Լեո Հովհաննիսյանը, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Լիլիթ Դավթյանը, Սևանի երաժշտական դպրոցի սաներ Արտյոմ և Էլզա Ավետիսյանները: Հետաքրքիր էին Սևանի երաժշտական դպրոցի սան՝ շեփորահար Արտյոմ Ավետիսյանի և շվիահար՝ Սարուխանի արվեստի դպրոցի սան Արման Հակոբյանի կատարումները: Կարմիրգյուղի արվեստի դպրոցի պարի բաժնի սան Էլեն Շհոյանը հանդես եկավ մենապարով: Գավառի Մ. Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց աշակերտուհի Արմինե Իսպիրյանի ասմունքը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին: Իրենց կատարումներով հանդիսատեսին բարձր տրամադրություն պարգևեցին երգիչներ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Աննա Սիրականյանը, Ճամբարակի երաժշտական դպրոցի սան Կարինե Կիրակոսյանը, Ճամբարակի ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Ապրեսյանը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց սաներ Նարեկ Գալեյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, Նորատուսի արվեստի դպրոցի սաներ Փայլակ և Սևակ Պետրոսյանները, Գավառի երաժշտական քոլեջի ուսանող Արազ Սարգսյանը և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ժորա Բարսեղյանը: «Ես ի լավ կնիկ, թե՞ խարսս» մանրապատումը Բայազետի բարբառով ներկայացրեց Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ջուլիետա Ջրաղացպանյանը: Տպավորիչ էր Նորատուսի դպրոցի քանոնահարների խմբի (Մելինե Նադարյան – քանոն, Սոֆյա Օհանյան – քանոն, Ինեսա Համբարձումյան – քանոն, Նաիրա Մխեյան – քանոն, Եվա Օհանյան - սանթուր) ելույթը: Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոցը ներկայացնում էին դուդուկահարներ Վահան Ղարիբյանը և Յան Կևեյանը: Համերգային ծրագիրը վարեց Գրետա Խանդանյանը:
ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ ծրագրին աջակցելու, մասնակիցներին՝ հաջող ելույթների, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Գեղամ Չարվադարյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանին՝ ակտիվ համագործակցելու և պատվիրակության մասնակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Համերգային ծրագրի ավարտից հետո, քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, մարզի պատվիրակությանը շրջագայեց մայրաքաղաքի տեսարժան վայրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55