Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական զորակոչը Գավառի տարածաշրջանից էր

29.06.2021

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային հերթական զորակոչը կատարվեց ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից: Կառույցի բակում միախառնվել էին երաժշտությունն ու նորակոչիկների բարձր տրամադրությունը: Տղաները քաջ գիտակցում էին, որ մեկնում են Հայոց բանակ և պատրաստ են՝ ծառայելու հանուն հայրենիքի:
Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ:
«Մեր տղաները մեկնում են ծառայության՝ նոր շունչ, նոր ուժ և նոր լիցքեր հաղորդելու Հայոց բանակին: Սիրելի՛ նորակոչիկներ, բանակում ձեզ են սպասում ձեր նոր ընկերները: Հայոց բանակը շատ փորձությունների միջով է անցել, և դուք ձեր ծառայակից ընկերների հետ միասին պետք է ձեռք-ձեռքի տված հզորացնեք այն, ձեր ընկերների հետ աջակից լինեք մեր պետության, Հայոց սահմանների պաշտպանության գործին: Ձեր ծնողների և մեր բոլորի աղոթքներն ու բարեմաղթանքները ձեզ: Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:
«Մենք պարտավոր ենք աղոթք բարձրացնել առ Աստված այն տղաների համար, ովքեր վաղը կամ մյուս օրը կհամալրեն մեր զինվորների շարքերը: Մենք ուզում ենք, ինչպես որ այս ուրախության հնչյունների ներքո մեկնում եք ծառայության, նույն տրամադրությամբ էլ ձեզ դիմավորել: Բարի երթ և խաղաղ ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ»,- նշեց տեր Նշան քահանա Սարգսյանը:
Զորակոչը մարզում կշարունակվի մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03