Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային հերթական զորակոչի ընթացքում Հայոց բանակ զորակոչվեցին Մարտունու տարածաշրջանի նորակոչիկները

28.06.2021

Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը համընկավ Հայրավանքի ուխտի օրվա հետ: Այդ առիթով նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությունը կատարվեց Հայրավանքի եկեղեցում: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ: Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր խոսքում կարևորեց հայրենիքին ծառայելու գործընթացը՝ նորակոչիկներին մաղթելով առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
«Այս պահին, առավել, քան երբևէ, շատ կարևոր է ձեր ծառայությունը և՛ մեր երկրի, և՛ մեր բանակի և՛ ձեր ծառայակից ընկերների համար, քանզի այդ տղաները պատերազմի և շատ մեծ փորձությունների միջով են անցել, կորուստներ կրել: Եվ հիմա մենք պետք է ձեզ խնդրենք, որպեսզի դուք լինեք նրանց կողքի, օգնեք նրանց, դառնաք նրանց ընկերն ու բարեկամը, կիսեք նրանց հոգսը, ուժ և հույս տաք նրանց, որպեսզի ձեռք ձեռքի տված զորանաք և հզորացնեք հայոց բանակը՝ ձեր նպաստը բերելով մեր պետության և պետականության ամրապնդմանը: Սիրելի նորակոչիկներ, ձեզանից պահանջվում է ընդամենը բարեխիղճ ծառայել, միմյանց նկատմամբ լինել հարգալից և կատարել ձեր հրամանատարների հրամանները: Եվ, այսքանով հանդերձ, դուք մեծ ծառայություն մատուցած կլինեք մեր հայրենիքին: Մեր նորակոչիկների ծնողներին մաղթում եմ ուժ և համբերություն և միաժամանակ հավաստիացնում, որ մեծ դժվարությունների միջով անցած Հայոց բանակը ժամ առ ժամ ոտքի է կանգնում: Աստված բոլորիդ պահապան»,- նշեց Գնել Սանոսյանը:
Նորակոչիկների օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:
Ուխտի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանքի եկեղեցի էր բերվել Տիրոջ Սրբազան Խաչափայտի մասունքները: Օրհնության արարողությունից հետո նորակոչիկները հաղորդակցվեցին Մասունքի հետ և հոգևոր դասի կողմից ստացան փոքրիկ աղոթագրքեր ու սրբապատկերներ: «Սիրելի նորակոչիկներ, այսօր մենք մեծ ուրախություն ապրեցինք, քանզի ձեր զորակոչի օրը համընկավ Տիրոջ Խաչափայտի մասունքները այս սրբավայր բերելու օրվա հետ: Մխիթարություն ապրեցինք, որ այս սրբավայրում մենք հնարավորություն կունենանք օրհնելու ձեզ, արևշատություն և անփորձանք ծառայություն մաղթելու: Ուրախ ենք, որ դուք բանակ մեկնելուց առաջ հնարավորություն եք ունենում համբուրել Տիրոջ Խաչափայտը, հզորացնում եք ձեր հավատքն ու հոգին և ամբողջանվեր կերպով ձեր ծառայությունը բերում Հայոց բանակին և ժողովրդին: Մեր աղոթքները հղում ենք նաև ձեր ծնողներին: Թող նրանց համար բանակից ստացված զանգերը միշտ բարի լինեն և ուրախաբեր: Աստծո օրհնությունը ամենքիդ, և ձեզ բարի ծառայություն»,- նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:
2021 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում շարունակվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03