Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտոնապես մեկնարկեց Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեությունը

17.06.2021

Հունիսի 17-րդ օրը մի հարկի տակ էր համախմբել պետական պաշտոնյաներին, բարերարներին, սևանցիներին, հյուրերին և մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծման ակունքներում կանգնած ու ծրագիրը կյանքի կոչած մարդկանց:
Դեռևս երկու տարի առաջ պարզ դարձավ, որ Սևան քաղաքում գործելու է մանկական վերականգնողական կենտրոն` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:
Սևանի տարածաշրջանի 100-ից ավել երեխաների համար ստեղծվելու էին հնարավորություն և պայմաններ իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում ստանալու համար:
«Երեխաների կարիքներին համապարփակ արձագանքման ապահովումը կախված է առողջապահական, կրթական, սոցիալական ծառայությունների կարողություններից:
Հիմնադրամը, հաշվի առնելով առկա իրավիճակը, աշխատում է վերաբացել ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոն, որը սպասարկելու է հաշմանդամության և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին: Նման կենտրոնի ստեղծմամբ երեխաները հնարավորություն կստանան բարելավել իրենց ֆիզիկական և հոգեբանական պայմանները, դառնալ հասարակությանը լավ ինտեգրված անդամներ»,- հանդիպման ընթացքում նշել էին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչները:
Լավագույն ու անհրաժեշտ գաղափարի կողքին կանգնեցին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, Սևանի համայնքապետարանը, կենտրոնի բացման անհրաժեշտությունը կարևորող ու իրենց բարեսիրական աշխատանքով նպաստող մարդիկ:
Տարիներ անց արձանագրում ենք, որ լավագույն գաղափարը դարձել է գործ վերականգնողական կենտրոնի տեսքով:
Սևան համայնքի կողմից կենտրոնի գործունեության համար Դեմիրճյան 17 հասցեում գործող մանկապարտեզի մասնաշենքից տրամադրվել է համապատասխան տարածք, որը վերանորոգվել է, կահավորվել և արդեն գործում է լիարժեք:
Շուրջ 50 երեխա արդեն կենտրոնի շահառուներն են, ևս 100-ը հերթագրված է:
Սևանի վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացման արարողակարգին ներկաները և հրավիրյալները նախ` ծանոթացան կենտրոնի գործունեությանը, փոքրիկ այցելուներին, իրականացվող աշխատանքների ուղղվածությանը, հետագա ծրագրերին: Սևան համայնքի և տարածաշրջանի համար երեխայակենտրոն անչափ կարևոր այս ձեռնարկը լուծում է մի շարք խնդիրներ, անգնահատելի աջակցություն է ոչ միայն երեխաներին, այլ նաև նրանց ծնողներին, որի արդյունքում շահում է ողջ համայնքը:
Պաշտոնական արարողակարգի մասնակիցները` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, կենտրոնի բացման ակունքներում կանգնած Արա Բաբլոյանը, բարերար և իրեն լիարժեք սևանցի համարող Զաբել Վասիլյանը, կարևորեցին նման ձեռնարկի անհրաժեշտությունը, ողջունեցին հերթական ծրագրի իրագործումը, շնորհավորեցին և շնորհակալություն հայտնեցին այն անձանց, կազմակերպություններին, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ աստվածահաճո այս նախաձեռնությունը դարձնել իրողություն:
ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Սևան համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մարգարյանը, աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը, պաշտոնատար այլ անձինք և հրավիրյալներ, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգող Զարուհի Ջանիբեկյանի ուղեկցությամբ, կենտրոնում կատարեցին շրջայց, որի ընթացքում հնարավորություն ունեցան կիսվել իրենց տպավորություններով:
Կենտրոնի հիմնական գործառույթներն են հաշմանդամություն և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն բարելավվելու է նրանց կյանքի որակը:
Ներկայումս կենտրոնում աշխատում է 16 հոգի, որոնցից 13-ն իրականացնում է նեղ մասնագիտական գործունեություն:
Սևան համայնքի կողմից կենտրոնին տրամադրվել է ևս մեկ տարածք, այս անգամ մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03