Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները

17.06.2021

Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ, ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներն ու հարազատները:
Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին:
Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:
Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել էին Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների և աջակցության շնորհիվ:
Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր հուշանկյուն, որը կահավորված էր հավերժի ճամփան բռնած հերոսների անձնական իրերով և լուսանկարներով: Յուրաքանչյուր դասասենյակում դասղեկները հանդես եկան տղաներին բնութագրող պատմություններով:
«Հերոս զինծառայողների անունները կրող այս դասասենյակները հայրենասիրության վառ օրինակ կլինեն գալիք սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հայրենանվիրության դասը, իսկ քաջորդիների սխրանքը պետք է հարատև դաս լինի նրանց համար: Գարիկ Գափոյանի, Նարեկ Ղռոյանի և սամվել Խաչատրյանի անցած փառավոր ուղին հավերժ կմնա դպրոցի և համայնքի պատմության լուսավոր էջերում»,-նշեցին մանկավարժները:
Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանը հետմահու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Մարտական ծառայության » համար մեդալի: Արարողության ընթացքում այն Գարիկի հորը հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ամիսներ շարունակ մենք ապրում ենք հետպատերազմյան մղձավանջը: Բայց ինչքան էլ տղաների կորուստը ծանր է, սակայն ես նրանց ծնողների հետ զրուցելիս հաճախ եմ ասում, որ նրանք թեև կարճ ապրեցին, սակայն մահվան ամենափառահեղ տարբերակը ընտրեցին. հերոսացան հանուն հայրենիքի: Սիրելի ծնողներ, խնդրում եմ՝ երբեք չխեղճանաք, չընկճվեք: Ձեր զավակները զոհվել են, որպեսզի դուք, մենք, մեր ժողովուրդը ավելի լավ ապրեն, մեր հայրենիքը ավելի հզոր լինի: Մենք մեծ ջանքերով, մեծ նվիրումով պետք է շենացնենք մեր հայրենիքը, նրանց երազած հայրենիքը։ Հավերժ փառք մեր տղաներին, և տա Աստված, որ մեր անհայտ կորած տղաներից շուտափույթ լավ լուր ստանանք»,- նշեց Գնել Սանոսյանը:
Այնուհետև դպրոցի դահլիճում մեկնարկեց «Կապույտ անմահության մեջ լողացող հոգիներ» խորագիրը կրող խոնարհումի ցերեկույթը, որտեղ գրական- երաժշտական կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ:
Հնչեցին հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր, բանաստեղծություններ, երգեր, ներկայացվեցին դրվագներ հավերժ ներկա տղաների կյանքից, նրանց մարտական գործողություններից և հայրենասիրական դրսևորումներից։ Դպրոցականներն ու մասնակիցները նրանց լուսանկարների առջև ծաղիկներ խոնարհեցին, մոմեր վառեցին և խունկ ծխեցին ։
«Մենք բոլորս պատերազմի առիթով տագնապալի օրեր ապրեցինք: Տառապեցինք այն մեծագույն ցավի համար, որով որ մեր զինվորները մեկը մյուսի հետևից զոհում էին իրենց սրբազան կյանքը: Կարծես մեր հողն ու ջուրը չունեին նոր հերոսների կարիք, սակայն մենք այդ վերստին պատերազմող օրերին կրկին անգամ համոզվեցինք, որ մեր ազգը շատ ու շատ նվիրյալ զավակների կարիք ունի: Նրանց թափած արյամբ մենք պետք է առաջ նայենք և ուղղենք մեր մեջքը: Մենք պարտք ունենք՝ խոնարհվելու այդ հերոսների առջև, աղոթելու նրանց համար և ամեն մի ողբացող ծնողի առջև մենք պետք է խոնարհում ու հարգանք բերենք»,- նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմում Կարմիրգյուղից Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած մարտիկներ՝ Գարիկ Գափոյանին, Նարեկ Ղռոյանին և Սամվել Խաչատրյանին հետմահու Կարմիրգյուղի համայնքապետարանի կողմից շնորհվեց պատվոգրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03