Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունիսի 4-ին վերջին զանգի արարողություններ տեղի ունեցան մարզի 41 դպրոցներում

04.06.2021

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ շրջանավարտներին վերջին զանգի առիթով շնորհավորելու նպատակով եղան Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն, ավարտական դասարանների աշակերտների ուժերով ներկայացվեցին գրական- երաժշտական ցերեկույթներ, հնչեցին երախտագիտության ու հրաժեշտի խոսքեր, ուղղված՝ հարազատ դպրոցին, ուսուցիչներին, սիրելի դասընկերներին, մանկության և ուսումնառության 12 հեքիաթային տարիներին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այստեղ հանդիսության մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների անմար հիշատակը, որին հաջորդեց տոնական ծրագիրը:
Անակնկալ այցով Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին այցելեց ու շնորհավորեց արդեն ծառայության մեջ գտնվող իրենց դասընկերը: Տոնական ծրագրով հանդես եկան նաև 2020 թվականի շրջանավարտները, ովքեր նախորդ տարի համավարակի հետևանքով հրապարակային միջոցառման հնարավորություն չունեցան: Ներկայացված ծրագրում շրջանավարտներին և իրենց ուսուցիչներին շնորհավորեցին արդեն ծառայության անցած տղաները: Վերջին զանգի առթիվ այս և նախորդ տարվա շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մեր կյանքը, կարծում եմ, պատերազմից հետո շատ է փոխվել, և դուք, որպես այս տարվա շրջանավարտ, կարծում եմ, ավելի շատ անելիքներ ունեք, քան նախորդ տարիների շրջանավարտները: Ես ձեզ մի խնդրանք ունեմ. պարզապես պետք է լավ սովորել: Աշխարհում տարբեր երկրներ տարբեր ռեսուրսներ ունեն, մեր գլխավոր ռեսուրսը մարդն է, իսկ որպեսզի մարդը իր ներուժը կարողանա ճիշտ օգտագործել և իր հայրենիքին օգտակար լինել, առաջին հերթին պետք է լավ սովորի և իր ոլորտում լավ մասնագետ դառնա: Կյանքի այս կարևոր փուլը ավարտելուց հետո դուք պետք է ձգտեք անել հնարավորը մեր երկրի շենացման ու հզորացման համար: Շնորհակալություն ձեր մանկավարժներին, ձեր ծնողներին՝ ձեզ կրթելու և դաստրարակելու համար, շնորհակալություն այն տղաներին, ովքեր ձեր դասընկերներն են և հիմա մեր հայրենիքն են պաշտպանում: Մաղթում եմ նրանց խաղաղ և անփորձանք ծառայություն: Բարի երթ, սիրելի շրջանավարտներ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզի հանրակրթական հաստատություններում ընթերցվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված մարզի շրջանավարտներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55