Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևան քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող երկօրյա միջոցառում

28.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ին Երևան քաղաքում՝ Խաչքարերի պուրակում, «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո տեղի ունեցավ «ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառում:
Միջոցառման նպատակն էր` ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժը և խթանել դեպի մարզեր այցելությունների աճը` ներկայացնելով մարզերն ավելի գրավիչ և ճամփորդելի ներքին զբոսաշրջիկի համար:
Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը կատարեցին և ելույթներով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Միջոցառման երկու օրերի ընթացքում, ի թիվս Հայաստանի մարզերի, Գեղարքունիքի մարզը ևս ցուցադրեց իր զբոսաշրջային ներուժը, արկածային հնարավորությունները, դեռևս քիչ բացահայտված այցելավայրերը, մշակութային գրավչությունները: Մարզին բնորոշ փորձառությունների շրջանակներում գորգագործությունը ներկայացրին Գավառի մանկատան սաները, տիկնիկագործությունը՝ Գավառի մանկատան ասեղնագործության և տիկնիկագործության խմբակի ղեկավար, ժողովրդական վարպետ Անահիտ Ճաթեյանը, Մարաշի ասեղնագործությունը և բատիկան՝ Գավառի արվեստի դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Թամամավեյանը, կավագործությունը՝ Ճամբարակի գեղարվեստի դպրոցի ուսուցիչ, փայտագործության և կավագործության վարպետ Մովսես Բրուտյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի Երկրագիտական թանգարանի աջակցությամբ ու պատասխանատվությամբ ձևավորվեց գաստրո-տաղավարը, որտեղ ցուցադրվեցին մարզին բնորոշ ուտեստներ, կերակրատեսակներ, ճաշատեսակներ, մարզում պատրաստվող հյութեր, խմիչքներ, քաղցրավենիք, արվեստին բնորոշ ցուցանմուշներ:
Ծրագրի մշակութային բաժնում ազգագրական պարերի շարան ներկայացրեց Երանոս և Լիճք համայնքները ներկայացնող «Ալաշկերտ» պարային համույթը: Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային ներուժը տաղավարում ներկայացվեց նաև բուկլետների միջոցով: Ցուցադրվեցին մարզում գործունեություն ծավալող «Սարերի բարիք», «Էթիունի հյուրատուն», «Բոհեմ թեյարան», «ԱՍՊ ակումբ», «Ծաղկունք» հյուրատուն», արկածային տուրիզմ, շների խաղ, «Գինով հասունացած պանիր», «Մոնո շոկ», «Վան արիշտա», «Դելտապլան» զբոսաշրջային կազմակերպությունների բուկլետները:
Առանձին գաստրո տաղավարում շեֆ խոհարարների հետ միասին Գեղարքունիքի մարզը ներկայացնող խոհարարները պատրաստեցին մարզին բնորոշ « Ձկան ռուլետ և կանեփով տոլմա» ազգային կերակրատեսակները:
Ցուցահանդեսի ընթացքում անցկացվեցին նաև վարպետաց դասեր, մշակութային ցուցադրություններ, օնլայն մարտահրավերներ՝ սոցիալական արշավների շրջանակներում: Պաշտոնատար անձինք և հյուրերը շրջեցին մարզերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացան ներկայացվող ցուցադրություններին, զրուցեցին մարզերից ժամանած տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ցուցահանդեսն իր բնույթով ազդարարեց «Ճանաչիր Հայաստանը» «TravelFor Armenia» սոցիալական արշավի սկիզբը, որի նպատակն է` Հայաստանով ճամփորդելը դարձնել առավել գրավիչ ամռան ընթացքում:
Ցուցահանդեսին զուգահեռ՝ մայիսի 27-ին զբոսաշրջության կոմիտեն անցկացրեց աշխատաժողով՝ «Զբոսաշրջության վերականգնման տեղական հնարավորությունները» թեմայի շրջանակներում, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետների, տեղացի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ և ելույթներ, որոնք առնչվում էին համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային հնարավորությունների ընդլայնմանը, ոլորտում առկա հաջողության պատմություններին:
Միջոցառման ավարտին Զբոսաշրջության կոմիտեն քաղաքացիների շրջանում անցկացրեց տարբեր թեմաներով մրցույթ, որի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած քաղաքացիներին, որպես խրախուսանք, առաջարկվեց թեյախմություն « Բոհեմ» թեյարանում, մեկօրյա հյուընկալություն «Էթիունի» հյուրատանը և շրջագայություն Լճաշենի պատմամշակութային վայրեր, «ԱՍՊ» ակումբի կողմից մեկ շրջապտույտ Արգիճի գետի վրայով և «Սարերի բարիք»-ի որոշ արտադրատեսակների նվիրատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 15:40:55