Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ- ցերեկույթ՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներին

07.05.2021

Մայիսի 7-ին Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող թիվ 7 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոս զինծառայողներ Անդրանիկ Գրիգորյանին, Արմեն Աղեկյանին եւ Արամ Պողոսյանին նվիրված գրական-երաժշտական հուշ - ցերեկույթ։ Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ, զոհված զինծառայողների ծնողները եւ հարազատները։
Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նրանք միաժամանակ ներկայացրին դպրոցի հերոսացած սաների կենսագրությունները, մարտական սխրանքները, արիության դրվագները։
«Արցախյան վերջին պատերազմում մեր դպրոցը տվեց երեք թանկագին կորուստ։ Առաջինը զոհվեց Հայոց բանակի սպա Անդրանիկ Կարենի Գրիգորյանը։ Նրան բախտ վիճակվեց ապրել ընդամենը 26 գարուն, բայց իր սխրանքով ու անձնազոհությամբ նա հավերժացավ մեր սրտերում։ Երկրորդ զոհը Հայոց բանակի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Գեղայրի Աղեկյանն էր, ով ապրեց ընդամենը իր կյանքի 19 գարունները, բայց մեր հիշողության մեջ թողեց իր պայծառ անունը։ Երրորդ թանկագին կորուստը Արամ Խաժակի Պողոսյանն էր, մի խելացի, նվիրված ու արի երիտասարդ, ով նույնպես իր մատաղ կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Այսքան թանկագին կորոստներից հետո մենք ոչ թե ընկճվում ենք, այլ հավատում, որ սիրո զենքով ենք առաջնորդվելու դեպի այն գալիքը, որտեղ կրկին բացվելու է կյանքի գարունը», - իրենց ելույթներում հնչեցրին դպրոցականները։
Ցերեկույթի ավարտին զոհված զինծառայողների ծնողներին դպրոցի տնօրինության կողմից նվիրվեց Անդրանիկ Գրիգորյանի, Արմեն Աղեկյանի եւ Արամ Պողոսյանի դիմանկարները, որոնք յուղանկարել էր նույն դպրոցի սան Ռուզաննա Օհանյանը։ «Այս նկարները տեղ են գտնելու մեր հերոսների բնակարաններում ստեղծված Փառքի անկյուններում եւ հավերժացնելու են նրանց հերոսական գործերն ու անունները։ Խոնարհվում ենք հայրենասեր քաջերի ծնողների առաջ, ոգեկոչում մեր սիրելի աշակերտներին, որոնց կերպարներով կդաստիարակվեն գալիք սերունդները»,-ցերեկույթը եզրափակեց դպրոցի տնօրեն Սուսաննա Ավետիսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55