Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանն ու «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպությունը կընդլայնեն համագործակցության շրջանակը

26.04.2021


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպության ղեկավար Կարինե Աբուլյանին եւ նույն կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Անահիտ Քալանթարյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննության առան «Ֆոքս օն Չիլդրեն»-ի կողմից Գեղարքունիքի մարզի համայքներում իրականացված ծրագրերի ընթացքը եւ համագործակցության շարունակման հնարավորությունները։ Ինչպես ներկայացրեց Կարինե Աբուլյանը, կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալել 2017 թվականից՝ մարզի մի շարք համայնքների մանկապարտեզներում իրականացնելով աջակցության ծրագրեր։ Սակայն կազմակերպության գործունեությունը Գեղարքունիքում առավել ակտիվացել է 2020 թվականի սեպտեմբերից: «Արցախյան պատերազմից հետո, սկսած դեկտեմբեր ամսից, յուրաքանչյուր շաբաթ Գեղարքունիքում ապաստան գտած ընտանիքներին տրամադրել ենք սննդի փաթեթներ։ Աջակցություն ենք ցուցաբերել հղիների եւ նորածինների ընտանիքներին, նաեւ՝ վարկառու ընտանիքներին։ Այժմ մենք, ուսումնասիրելով ընդհանուր վիճակը որոշ համայնքներում, նախատեսել ենք փոխել աջակցության բովանդակությունն արցախցի ընտանիքներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընտանիքների մի մասը մարզի սահմանամերձ համայնքներում ապրելու եւ աշխատելու ցանկություն է հայտնել։Մարզպետարանի հետ համագործակցությամբ փորձելու ենք աջակցել նման ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու, աշխատանք գտնելու, տնտեսություն ստեղծելու եւ անհրաժեշտ այլ հարցերում»,-ներկայացրեց Կարինե Աբուլյանը։
Մարզպետ Գնել Սանոսյանը, մարզում իրականացված աջակցության ծրագրերի համար շնորհալակություն հայտնելով կազմակերպության ղեկավարին, հավաստեց, որ համագործակցությունը «Ֆոքս օն Չիլդրեն» -ի հետ կշարունակվի ավելի լայն շրջանակով ։
«Ձեր կազմակերպության աջակցությունն անգնահատելի եղավ թե՛ պատերազմի օրերին, թե՛ հետպատերազմյան ամիսների ընթացքում, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Մենք ոչ միայն ողջունում ենք ձեր քայլերն ու նախագծերը, այլ նաեւ խրախուսելու եւ աջակցելու ենք դրանց՝ մեր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում։ Ավելի քան շահագրգռված ենք այն հարցում, որ արցախցի ընտանիքները տուն ու աշխատանք գտնեն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմաններ կան»,-նշեց մարզպետը։
Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպությունը կշարունակի նաեւ մարզի համայնքների մանկապարտեզների աջակցության ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03