Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական ծառատունկին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Գեղարքունիքի մարզը

25.04.2021


Ապրիլի 25-ին «10 միլիոն ծառ, համապետական ծառատունկ» նախաձեռնության շրջանակում, ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում իրականացվեց ծառատունկ։
Ծառատունկի աշխատաների համակարգող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի հավաստմամբ՝ մարզում տնկվեց շուրջ 20 հազար ծառ։
Տնկիները տրամադրել էին «Հայանտառ» եւ «Սեւան ազգային պարկ» կազմակերպությունները՝ համայնքապետարանների կողմից Գեղարքունիքի մարզպետարան ներկայացրած համապատասխան հայտերի հիման վրա:
Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի համայնքներում, համայնքային և մարզային ենթակայության հիմնարկների շրջակայքում, անտառներում, պուրակներում, գետերի եզերքներում, ճամփեզրերին, հուշարձանների տարածքներում և այլ վայրերում տնկվեցին բարդու, սոճու, հացենու, լորենու, թխկենու, կաղնու և այլ ծառատեսակների տնկիներ։
Իսկ Ճամբարակ համայնքում, Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տնկվեց շուրջ 8 հազար վայրի պտղատու ծառատեսակների տնկիներ։
Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի հավաստմամբ՝ ծառատունկը կատարվեց համայնքի՝ նախորդ տարվանից հիմնված պուրակի տարածքում, շուրջ 7 հեկտարի վրա և նախկին աղբավայրի տարածքում, որը հիմնովին ծածկված է հողի շերտով եւ կազմում է մոտ 4 հեկտար:
«Նախկին աղբավայրի տարածքում առաջիկա օրերին անցկացվելու է ոռոգման համակարգ, բացի այդ, համայնքապետարանը ծառերի հետագա խնամքը հոգալու համար հատուկ մասնագետ է ընդունելու աշխատանքի»,-հավաստեց համայնքի ղեկավարի տեղակալը։
Ծառատունկ իրականացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, «Սեւան» ԱՊ-ի, ուժային կառույցների, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, զինվորականներ, անհատ քաղաքացիներ։
Մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ծառատունկ իրականացրին և աշխատանքները դիտարկեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը:
Ծառատունկի աշխատանքները վերահսկելու նպատակով մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներն ամրակցված էին մարզի 5 տարածաշրջաններում, ծառատունկ իրականացնող համայնքներում և բնակավայրերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55