Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղիկներ և ծաղկեպսակ` Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի համար

24.04.2021


Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծաղկեպսակ դրեց Գավառ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարին: Արարողության ընթացքում հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային և քաղաքային ենթակայության կազմակերպությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Այնուհետ Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ կատարվեց նաև մոմավառություն:
«Դուք գիտեք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կարևոր որոշում ընդունեց՝ ցեղասպանության ընթացքին նահատակված հայորդիներին սրբերի դասը կարգելով: Դա նշանակում էր, որ այդ թվականից այլևս նրանք իբրև բարեխոսներ մեր բոլորի համար Աստծո առջև աղոթք են բարձրացնում: Բազմաթիվ վկայություններ կային, որ շատ հայորդիներ այն ժամանակ կարող էին ուղղակի ուրանալ իրենց հավատքը, ուրանալ իրենց հայրենին և փրկվել: Ինչպես որ այն ժամանակ մեր հայորդիները ուրանալով կարող էին փրկվել, այնպես էլ մենք, վերջին Արցախյան պատերազմում կարող էինք ուրանալ մեր հայրենիքը, ուրանալ մեր հավատքը և փրկվել՝ խուսափելով հազարավոր զոհերից: Բայց այդ դեպքում մենք պիտի ամոթով ու գլխիկոր ապրեինք այս աշխարհում: Ես հավատացած եմ, ինչպես 100 տարի առաջ մեր հայորդիները իրենց սխրանքներով սրբադասվեցին, այնպես էլ այսօրվա մեր քաջարի հայորդիների սխրանքը արժանի է մեծ գնահատանքի: Նրանց սխրանքով մենք այսօր իբրը ազգ և իբրև ժողովուրդ կարող ենք հպարտ ապրել և ասել, որ հայը չուրացավ իր հայրենիքը, չուրացավ իր հավատքը, պատրաստ եղավ նահատակվել իր հայրենիքի և իր ազգի համար: Ես աղոթք եմ բարձրացնում մեր նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար, նրանց ծնողներին ուժ և համբերություն եմ կամենում: Նաև աղոթք եմ բարձրացնում Գեղարքունյաց մարզի համար, մարզի իշխանության և ղեկավարության համար, որպեսզի մեր ժողովրդի կյանքը առավել բարեկեցիկ դարձնեն:Թող Աստված մեզ օրհնի և մեր հայրենիքը առաջնորդի դեպի պայծառ ու լուսավոր ապագա: Ամեն», - դիմելով ներկաներին` նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը:
Խոնարհումի, ծաղկեդրման արարողություններ և հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան մարզի մի շարք համայնքներում և կրթամշակութային հաստատություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26