Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգված ճաշարանը կգործի նոր ուսումնական տարվա սկզբից

22.04.2021

Ապրիլի 22-ին Սեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց այցելեցին ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը եւ ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը՝ ծանոթանալու դպրոցական ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թվականի ձմռանը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում։
Նրանք զրուցեցին դպրոցի տնօրենի, մանկավարժների, ծնողների, «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուների հետ։ Գեղարքունիքի մարզում ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հյուրերին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ ծրագրի բաղադրիչներից մեկը դպրոցական ճաշարանների պայմանների բարելավումն ու ապահովումն է, որը եւ կատարման ընթացքի մեջ է։ «2021 թվականի ապրիլի 22-ի դրությամբ արդիականացվել է 68 դպրոցական ճաշարան, առաջիկայում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի եւս 24 դպրոցական ճաշարաններում։ Մնացած 17 դպրոցներում, կապված դպրոցական նոր շենքերի կառուցման հետ, ծրագիրն առայժմ կիրականացվի աշակերտներին չոր սնունդ տրամադրելու տեսքով»,-ներկայացրեց վարչության պետը։
Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Սվետլաննա Մաթեւոսյանի ներկայացմամբ՝ Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի ճաշարանում շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի ձմռան ամիսներից։ Հիմնանորոգման, սարքավորումների տեղադրման եւ այլ կարգի աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի սեպտեմբերին, սակայն առայժմ ճաշարանը չի շահագործվում համավարակի պատճառով։ «Ճաշարանի հիմնանորոգման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաեւ մեր մանկավարժները եւ ծնողները։ 400 հազար դրամի չափով գումար է ներդրվել նաեւ մեր դպրոցի տնտեսված միջոցների հաշվին։ Մնացած միջոցները տրամադրվել են ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» կողմից։ Անում ենք հնարավորը, որպեսզի ճաշարանը գործել սկսի նոր ուսումնական տարվանից։ ճաշարանից օգտվելու են 140 աշակերտ։ Միակ խնդիրը մնում է ջեռուցումը, որը կփորձենք լուծել մինչեւ սեպտեմբեր ամիսը»,-հավաստեց դպրոցի տնօրենը։
ՄԱԿ-ի «համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը, իր գոհունակությունը հայտնելով դպրոցական ճաշարանում իրականացված աշխատանքներից, միաժամանակ կարեւորեց համագործակցության շարունակությունը Գեղարքունիքի մարզպետարանի, դպրոցների եւ շահագրգիռ այլ կառույցների եւ անձերի հետ, որպեսզի «Դպրոցական սնունդ» ծրագիրը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներում։ «Ուրախալի է, որ հատկացված միջոցները ծառայել են իրենց նպատակին, որ ընթանում է արդյունավետ ու տեսանելի համագործակցություն։ Այսօր մեզ հետ է ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը՝ ոչ միայն փորձի փոխանակման, այլ նաեւ մեր ծրագրին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ճանաչողական այցից հետո կհստասկեցվեն աջակցության հիմնական ուղղությունները»,-ներկայացրեց Ելենա Միլոշեւիչը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26