Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ
19.04.2021

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպումն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացման գործընթացին վերաբերող հարցեր:
Բուժհիմնարկների տնօրենների հետ ունեցած զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետը և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենը խոսեցին արդեն մարզ ներկրված երկու պատվաստանյութերի պահպանման, կիրառման, պատվաստումային գործընթացի ակտիվացման մասին, նշելով, որ պետք է ճիշտ և կազմակերպված ձևով իրականացնել պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադարձ եղավ նաև առանձին պատվաստանյութերով պատվաստման ենթակա ռիսկային խմբերի ընդգրկվածության հետ կապված հարցեր:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն » ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյան. «Համավարակի հաղթահարման այս փուլում պատվաստումներն ունեն անհերքելի անհրաժեշտություն: Կորոնավիրուսի ուղղությամբ իրականացված պատվաստումների համաշխարհային փորձը ցույց է տվել, որ դրանք 100 տոկոսով կանխարգելում են համավարակի ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը:
Համաշխարհային փորձը նաև ցույց է տվել, որ պատվաստման անհրաժեշտությունը համեմատած հիվանդացման ռիսկի և ելքի հետ ՝ անհամեմատ բարձր է: Ուստի հորդորում ենք պատվաստումների ենթակա ռիսկային խմբերին պատվաստվել, դրանով իսկ վերջ դնելով համավարակի տարածմանը»:
Բուժհիմնարկների տնօրենների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց նաև պետական սեփականություն հանդիսացող առողջապահական հիմնարկների շենք-շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները պետությանը վերադարձնելու գործընթացին վերաբերող հարցը:
Հանդիպման ավարտին բուժհիմնարկների տնօրենները ստացան իրենց մտահոգող հարցերի պատասխանները: