Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվեցին շաբաթօրյակի աշխատանքները
19.04.2021

Ապրիլի 25-ի կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում շարունակվեցին նախորդ շաբաթվանից մեկնարկած սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակներում կատարվեցին աղբահեռացում, տարածքների բարեկարգում և աղբաթաղում, ծառատունկ, մաքրվեցին ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքների մաքրության ապահովմանը:
Սանիտարական մաքրման աշխատանքներ տեղի ունեցան մարզի բոլոր և առավելապես այն համայնքներում, որտեղ բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ անհնար էր եղել դրանք ավարտին հասցնել:
Մարզում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար այս շաբաթ ևս Գեղարքունիքի մարզպետարանից մարզի հինգ տարածաշրջաններում նշանակվել էին պատասխանատուներ, իսկ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու մնացած աշխատակիցներն ամրակցվել էին մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում՝ սանիտարական աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու նպատակով:
Շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված էին բոլոր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ: