Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում 13 փողոց անվանակոչվեց Արցախյան պատերազմների հերոսների անուններով

08.04.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում հերոսացած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի եւ Սասուն Մովսիսյանի անունները։ Փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվեցին Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսների մեծարման միջոցառումների հետ, որը կայացավ Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում։ Անվանակոչության եւ հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունքի համայնքի ղեկավարը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, համայնքի բնակիչներ:
Անվանակոչված յուրաքանչյուր փողոցի մուտքի մոտ կտրվեցին ժապավեններ, հնչեցին մեծարանքի ու ոգեկոչման խոսքեր, կատարվեց օրհնության կարգ։
Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում տեղադրված Արցախյան պատերազմներում զոհված ակունքցիների հիշատակն հավերժացնող հուշարձանին դրվեցին ծաղկեպսակներ խոնարհեցին ծաղիկներ։ ՀՀ ԶՈՒ զորամասի նվագախմբի եւ Վարդենիսի մշակույթի տան համույթի կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր։ Օրվա առիթով խոսք հնչեցրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Այսօր մենք մի կողմից ցանկություն ունենք՝ մեր մայրերին ժպիտ ու երջանկություն ցանկանալու, մյուս կողմից էլ ստիպված ենք սփոփանքի խոսքեր ասել նրանց, քանի որ այդպես է դասավորվել մեր ազգի ճակատագիրը։ Եվ ես խնդրում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին՝ երբեք չվհատվել, քանզի ձեր զավակները գիտակցված մահով են հայրենիք փրկել ու անմահացել՝ մեզ թողնելով մի սրբազան պատգամ, այն, որ բոլոր ապրողներս շարունակենք շենացնել ու զարգացնել մեր հայրենիքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքապետարանին՝ փողոցների անվանակոչության նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ինչը լավագույն միջոցն է՝ մեր հերոսներին հավերժ հիշելու, սերունդների հոգիներում նրանց սուրբ հիշատակը վառ պահելու համար» ,-ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը։
Միջոցառման ընթացքում ընթերցվեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախագահների հրամանագրերը, համաձայն որոնց հետմահու «Մարտական ծառայության» մեդալով են պարգեւատրվել Ակունք համայնքի զինծայողներ Գառնիկ Խաչատրյանը, Էդվարդ Պետրոսյանը, Արտաշես Ջանիբեկյանը, Արծրուն Սիմոնյանը, Նարեկ Հովհաննիսյանը եւ Սուրիկ Ավետիսյանը։ Պարգեւները զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունք համայնքի բնակիչ, Արցախյան առաջին ու 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից Կամսար Հարությունյանը։ Ակունքի համայնքաապետարանի կողմից շնորհակալագրերով ու նվերներով պարգեւատրվեցին Արցախյան պատերազմներում աչքի ընկած ակունքցի ազատամարտիկներ, ժամկետային և պայմանագրային նախկին զինծառայողներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59