Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում մարզի անասնաբույժների հետ

08.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը եւ Գեղարքունիքի մարզպետարանը համատեղ հանդիպում-խորհրդակցություն անցկացրին Գեղարքունիքի մարզի անասնաբույժների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու ոլորտում այս պահին առկա եւ վերահսկողական գործառույթների ժամանակ ծագող խնդիրները:
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՍԱՏՄ մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մարզի անասնաբույժները:
Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց ոլորտում արված փոփոխությունները, հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու հետեւողականությամբ մոտենալ կենդանիների պատվաստումների եւ արյունառման գործընթացին, զգուշացրեց այն տնտեսական վնասների մասին, որոնք կարող են կրել ոչ միայն ֆերմերները, այլեւ պետությունը, եթե հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ժամանակին ու պատշաճ չիրականացվեն:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսեց անասնաբույժի դերի բարձրացման, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները հստակ տարանջատելու մասին: Նա անասնաբույժներին հորդորեց՝ ավելի ուշադիր լինել գյուղատնտեսական կենդանիների միջհամայնքային շարժին, համագործակցել ՍԱՏՄ տեղական կառույցի հետ ու միշտ հիշել, որ իրենց պարտաճանաչությունը, հետեւողականությունն ու մանրակրկիտ աշխատանքը երկրի բնակչության առողջության գրավականն են: «Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ անասնապահական մարզ համարվող Գեղաքունիքում տեղական ինքնակառավարման մարմիններն անելու են հնարավորը ոլորտի զարգացման համար, իսկ պատկան կառույցների հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ երկրի տնտեսական աճի:
Անասնաբույժները ներկայացրին որոշակի խնդիրներ՝ կապված կենդանիների պատվաստման կլիմայական ու տեղանքային առանձնահատկությունների, կենդանիների գերեզմանոցների համար նախատեսվող տեղանքների ֆիքսման հետ: Նրանք նաեւ շեշտեցին, որ իրենց աշխատավարձերի երկար սպասված բարձրացումը դրական ազդակ է ու ոլորտի զարգացման համար կարեւոր քայլ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06