Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետմահու պետական պարգեւ հանձնվեց ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանին

05.04.2021

Ապրիլի 5-ին ԱՀ ՊԲ զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահի անունից հետմահու «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով պարգեւատրեց Նորատուս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող, Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Կարեն Սասունի Բադոյանին։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Բադոյանների ընտանեկան գերեզմանոցում: 
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավարը, հերոսի ծնողներն ու հարազատները, պաշտոնական այլ անձինք։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Տեր Բարսեղյանը։
Կարեն Բադոյանի ծնողներին եւ հարազատներին սփոփանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Բոլորս միասին չափազանց բարդ եւ ծանր ժամանակներ ենք ապրել, տվել թանկագին կորուստներ, սակայն Կարենի ու նրա ծառայակից հազարավոր հերոս տղաների կյանքի գնով պահպանվեց մեր հայրենիքը։ Հերոս տղաների մասին դեռ երկար կպատմեն ու կգրեն, նրանց անունները հավերժորեն կքաջալերեն գալիք սերունդներին։ Այո, մենք պարտք մնացինք մեր հերոսներին եւ այդ պարտքը պիտի հատուցենք մեր երկիրը կառուցելու եւ շենացնելու գնով։ Հավերժ փառք և խոնարհում նրանց»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
Արարողության մասնակիցները ծաղկեդրումով ու խնկարկումով հարգեցին Կարեն Բադոյանի և Նորատուս համայնքից Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված հերոս տղաների անմար հիշատակը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44