Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճրագալույցի պատարագ՝ նվիրված Հարության տոնին

03.04.2021

Այսօր՝ ապրիլի 3-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ, որով սկսվեց զատկական տոնակատարությունը: Սուրբ պատարագին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` տիկնոջ հետ միասին, ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ, հոգևորականներ, հավատավոր ժողովուրդ: Պատարագի ընթացքում Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հարության տոնի խորհրդին: «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ:Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը»:Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Տ. Նշան քհն. Սարգսյանը շնորհավորեց բոլորին: «Մեր աղոթքն ենք հնչեցնում բոլոր այն հայորդիների համար՝ ովքեր իրենց արյան գնով վերստին սրբացրին Հայոց հողը,մեր աղոթքներն ենք հնչեցնում բոլոր հերոսածին ծնողների համար, այս պահին մեր սահմանները պահող զինվորների համար: Մեր աղոթքով խնդրում ենք մեր Տիրոջը, որպեսզի հայրենիք վերադարձնի գերության մեջ գտնվող մեր տղաներին, Աստծուց նաև խնդրում ենք շուտափույթ ապաքինում տա մեր վիրավոր զինծառայողների մարմիններին»,- նշեց քահանան:
Տ. Նշան քհն. Սարգսյանն այնուհետև ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ պատգամը՝ Հարության տոնի առթիվ:
Հայ առաքելական եկեղեցիներում Ճրագալույցի պատարագին կհաջորդի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Պատարագը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին: Քրիստոս Հարեավ ի Մեռելոց:Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43