Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հրատապ ու կարեւոր հարցեր

01.04.2021

Մարտի 31-ին Գեղարքունիքի մարպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2021 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը մարզխորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարզխորհրդի անդամ, Վարդաձոր համայնքի ղեկավար, օրերս հանկարծամահ եղած Ռոբերտ Սիրականյանի հիշատակը։
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը նշեց, որ մարզի տնտեսություններին գարնանացանի ընթացքում օժանդակելու նպատակով կառավարությունն իրականացնում է պետական աջակցության մի շարք ծրագրեր։
«2021 թվականին գարնանացանի աշխատանքները ժամանակին և արդյունավետ կատարելու համար մարզի համայնքներից ստացված հայտերի հիման վրա ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել սերմերի պահանջարկը: ՀՀ կառավարությունը 2021 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման» պետական աջակցության ծրագիրը: Սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 50 տոկոս, իսկ 19 սահմանամերձ բնակավայրերում՝ շուրջ 70 տոկոս, ձեռք բերված որակյալ սերմերով ցանք կատարելու համար: ՀՀ կառավարությունը հողօգտագործողներին աջակցելու նպատակով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը լիզինգային և վարկային 9 ծրագրերով սահմանված վարկերը տրամադրում է 0 տոկոսով: Առաջարկվել է մարզի համայնքների հողօգտագործողներին՝ այսուհետ ցանքերի կառուցվածքում 20-30 %-ով ավելացնել կերային մշակաբույսերը, որից ելնելով կորնգանի սուբսիդավորված սերմերի վճարունակ պահանջարկը ներկայացվել է 220 տոննա, իսկ առվույտինը՝ 21 տոննա:Մարզում առկա գյուղտեխնիկան բավարար է՝ գարնանացանը ժամանակին կատարելու համար»,-ներկայացրեց զեկուցողը։
Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանն իր զեկուցման ընթացքում նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմում է 81,2 տոկոս, Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը նվազել է 2,9 տոկոսով։ Մարզի միջինից ցածր ցուցանիշներ ապահովել են Վարդենիսի, Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջանները։ Իսկ ահա առաջին եռամսյակի արդյունքներով Ակունք, Մարտունի, Զոլաքար, Վարդաձոր, Ներքին Գետաշեն, Երանոս, Ձորագյուղ, Վաղաշեն, Սեւան, Գեղամավան եւ Լճաշեն համայնքները ոչ միայն գերակատարել են պլանավորված գումարը, այլ նաեւ ապահովել 2021 թվականի 5-7 ամիսների համար նախատեսված հավաքագրման ծավալները։
Խոսելով մարզի համայնքների 2019-2021 թվականների սուբվենցիոն ծրագրերի գործընթացի մասին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը նշեց, որ 2019 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են մարզի համայնքների կողմից ներկայացված թվով 103 ծրագիր, որոնց ծրագրային արժեքը կազմել է 5միլիարդ 429 մլն․ դրամ, կնքված պայմանագրերի արժեքը՝ 4 միլիարդ 459 միլիոն դրամ։ 2020 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են մարզի համայնքների կողմից ներկայացված թվով 114 ծրագիր, որոնց ծրագրային արժեքը կազմել է 6 միլիարդ 612 միլիոն դրամ, կնքված պայմանագրերի արժեքը՝ 4 միլիարդ 293 միլիոն դրամ։ 114 ծրագրերից 94-ը ավարտվել են 2020 թվականի ընթացքում, իսկ մնացած 20 ծրագրերի իրականացումը տեղափոխվել է 2021 թվական։ 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով թվով 5 ծրագիր մնացել է անավարտ։ 2021թվականին համայնքների կողմից ներկայացված 136 ծրագիր ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որոնց նախնական արժեքը կազմել է ավելի քան 7 միլիարդ դրամ։
Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի խորհրդի անդամներին հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանից 2021 թվականին ՀՀ կառավարության հավանությանը ներկայացրած 136 սուբվենցիոն ծրագրերի 95 տոկոսը կֆինանսավորվի և կյանքի կկոչվի, ուստի եւ առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ ժամանակ չկորցնելու համար արդեն սկսել այդ ծրագրերի նախագծման աշխատանքները: Մարզպետը միաժամանակ տեղեկացրեց, որ մարզի համայնքներից նոր մանկապարտեզներ կառուցելու նպատակով կառավարություն ներկայացված 12 հայտերից 5-ն այս տարի կֆինանսավորվեն, և շինարարական աշխատանքներ կսկսվեն Սևան, Գավառ, Մարտունի, Ներքին Գետաշեն և Աստղաձոր համայնքներում: Խոսվեց նաև համավարակի դեմ պայքարի ուղղությամբ մարզում որոշակի խստացման միջոցառումներ իրականացնելու, հետպատերազմական խնդիրների կարգավորման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում տարբեր գործընթացներին աջակցելու, հանրակրթական դպրոցներում կոլեգիալ կառավարման նոր խորհուրդների ձևավորման մեխանիզմի, դպրոցների որոշ դասասենյակներ և համայնքային փողոցներ անվանակոչելու և կահավորելու, զոհված, վիրավորում ստացած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու մասին: Առաջարկվեց մինչև գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը նախապատրաստվել և անցկացնել մարզային շաբաթօրյակ, այնուհետ՝ մասսայական ծառատունկ՝ մինչեւ 20 հազար տունկի շրջանակներում: Մարզպետը մարզի խորհրդի անդամներին առաջարկեց՝ իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել համայնքներում ընտրատեղամասերի ձեւավորման և կահավորման հարցում:
«2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզը ևս անմասն չմնաց ծանր կորուստներից և բազմապիսի հիմնախնդիրներից: Եվ որպեսզի կարողանանք շտկել այդ խնդիրները, հաղթահարել դժվարությունները, հարկավոր է աշխատել նոր եռանդով, նոր մտահղացումներով ու նոր նպատակներով : Այդպես միայն մենք կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր համայնքը, մեր մարզն ու մեր երկիրը»,- նիստը եզրափակեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03