Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներ

17.03.2021

Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներում: Համայնքապետարանների շենքերում մարզպետը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների, ավագանիների, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների տնօրենների և համայնքի ակտիվի հետ:
 Գնել Սանոսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի և «Թումո» կենտրոնի համագործակցության և պայմանավորվածության արդյունքում իրենց համայնքներում առաջիկայում կտեղադրվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տվյալ համայնքների , ցանկության դեպքում նաև հարևան համայնքների դպրոցականներին՝ օգտվել տուփի ծառայություններից և ձեռք բերել նոր գիտելիքներ:Մարզպետն առաջարկեց՝ համայնքների ավագանիների և ակտիվի հետ կազմակերպել քննարկումներ, ընտրել տուփի գործարկման համար պահանջվող չափանիշներին համապատասխան վայր և ներկայացնել մարզպետարան:
Այնուհետև Գնել Սանոսյանը խոսեց այս տարի տվյալ համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին,  առաջարկեց՝ ակտիվ գործունեությամբ բարձրացնել ավագանու ինստիտուտի դերը համայնքներում:
«Նման բաց քննարկումները միտված են նաև համայնքային առավել հրատապ խնդիրների վերհանմանը և դրանց արդյունավետ լուծում գտնելուն: Ես առաջարկում եմ՝ ակտիվ փոխգործակցություն ապահովել համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների և համայնքային ենթակայության կառույցների միջև, ինչից կշահեն մեր համայնքների բնակիչները: Հետպատերազմյան իրավիճակում փորձեք ամեն մեկդ ձեր ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել, բարձրացնել մտահոգող խնդիրները և ներկայացնել համապատասխան կառույցներին։ Եղեք նախաձեռնող և նպատակասլաց, որպեսզի բոլորս միասին աջակցենք մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Կանգնեք զոհված, անհայտ կորած և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կողքին, լսեք նրանց խնդիրները, որպեսզի փորձենք համատեղ աջակցել նրանց»,- նշեց մարզպետը:
Սարուխանի համայնքի ղեկավարը բարձրացրեց համայնքի ջրամատակարարման վիճակի բարելավման հարցը, թիվ 1, 2 և 3 միջնակարգ դպրոցների տնօրենները ներկայացրեցին դպրոցական շենքի տանիքի վերանորոգման, դպրոցական ճաշարանի և սանհանգույցների կառուցման խնդիրները: Գնել Սանոսյանը խոստացավ իր աջակցությունը՝ նշված խնդիրներին լուծում տալու համար: Կարմիրգյուղում կայացած հանդիպման ընթացքում շոշափվեց Գավառագետի՝ Կարմիրգյուղով անցնող որոշակի հատվածի մաքրման անհրաժեշտության խնդիրը, մտքեր փոխանակվեցին համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներգրավելու, համայնքում հյուրատներ ստեղծելու գաղափարի շուրջ:
Գնել Սանոսյանը խոստացավ աջակցել նաև Նորատուսի թիվ 1, 2 և 3 միջնակարգ դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցական շենքի կենտրոնական ջեռուցման ապահովմանը, խորքային հորի եւ սանհանգույցների կառուցմանը, դպրոցի բակի ասֆալտապատմանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03