Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ԱՀ նախագահի կողմից շնորհած պարգևները հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին

17.03.2021

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգեւատրվել Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել են «Մարտական ծառայության» մեդալի:
Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սարուխանի և Նորատուսի համայնքապետարաններում կազմակերպված հանդիպումների ընթացքում այդ պարգևները հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին:
«Այս մեդալները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր տղաները , ինչպես նաև նրանց զինակից ընկերները, հերոսաբար են կռվել: Նրանք գիտակցված մարտի են դուրս եկել, համառորեն պայքար մղել և իրենց կյանքը նվիրել հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Հարգարժան ծնողնե՛ր, ծանր է ձեր կորուստը, անդառնալի, սակայն դուք այդ վշտի մեջ պետք է հպարտ լինեք, որ հերոս զավակներ եք ծնել: Այն հողը, որի վրա մենք այսօր ապրում ենք ու արարում, պահպանվել է նրանց հերոսությունների շնորհիվ, և մենք պարտավոր ենք այն շենացնել ու հզորացնել: Մեր խոնարհումն ենք բերում մեր քաջ տղաների հիշատակի առջև և մեր պատրաստակամությունը հայտնում՝ աջակցել ձեր ընտանիքներին հարկ եղած դեպքերում»,- ասաց Գնել Սանոսյանը:
Հիշատակի և հարգանքի խոսքեր հնչեցրեցին նաև Սարուխանի և Նորատուսի համայնքների ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03