Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից զոհված հերոսներին

12.03.2021

Մարտի 12-ին Ճամբարակի և Շողակաթի համայնքապետարանների նախաձեռնությամբ ճամբարակի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ հուշ ցերեկույթ՝ նվիրված 2020 թվականի Արցախյան պատերազմում և նույն թվականի հուլիսին մղված մարտերում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած 35 հերոս զինծառայողների հիշատակին: Ցերեկույթին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, զոհված զինծառայողների ծնողները և հարազատները: Մինչ ցերեկույթի մեկնարկը, մասնակիցները ծանոթացան մի հուշալբոմի, որտեղ տեղադրված էին այդ քաջորդիների լուսանկարները և նրանց մասին պատմող նյութերը:
Ցերեկույթի ընթացքում Ճամբարակի մշակութային հաստատությունների աշխատակիցներն ու շնորհալի սաները հանդես եկան գրական -երաժշտական կատարումներով, անուն առ անուն հնչեցրին հիշատակի և խոնարհումի խոսքեր՝ ուղղված հերոս նահատակներին և նրանց ընտանիքներին:
Իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է՝ լինել հերոս հայորդիների ընտանիքների կողքին, տեղեկանալ նրանց հոգսերին ու խնդիրներին և պատրաստակամորեն աջակցել նրանց՝ այդ խնդիրների կարգավորման հարցում:
«Գեղարքունիքի մարզպետարանի և անձամբ իմ անունից պատրաստակամություն եմ հայտնում՝ ուշադրության կենտրոնում պահել ձեր ընտանիքներում առկա խնդիրները և մեր իրավասության շրջանակներում լուծում տալ դրանց: Այն տղաները, որոնց սխրանքների մասին այսօր այս դահլիճում խոսքեր հնչեցին, պատահական միջադեպերի զոհեր չեն: Նրանք գնացել են գիտակցված պայքարի և մահվան՝ հանուն հայրենիքի փրկության և ազատության։ Եվ այսօր մեր բոլորի պարտքն է՝ հիշել նրանց անուն առ անուն ու շարունակել նրանց կիսատ թողած գործը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հիշատակի և երախտագիտության խոսքեր հնչեցրին նաև պաշտոնական այլ անձինք, զոհված զինծառայողների հարազատները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:48:04