Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Լճաշենի «Էթիունի» հյուրատուն-սոցիալական ձեռնարկություն

23.02.2021

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Լճաշեն համայնքի նորաստեղծ «Էթիունի» հյուրատուն-սոցիալական ձեռնարկություն։ Նրան ուղեկցում էր Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը։ Ինչպես տեղում մարզպետին ներկայացրեց հյուրատուն-ձեռնարկության հիմնադիր Սաթիկ Բադեյանը, հյուրատունը ստեղծվել է մի քանի դրամաշնորհային ծրագրերի միավորմամբ եւ հանդիսանում է Լճաշեն համայնքի զբոսաշրջության զարգացման ծրագրերի մի բաղադրիչը։
«Դրամաշնորհային աջակցությունների շնորհիվ հիմնանորոգվել է շենքը, ձեռք է բերվել կահույք, կառուցվել ու հագեցվել է խոհանոցը, կատարվել է դրսի տարածքի սալիկապատում եւ այլ կարգի աշխատանքներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակներում Լճաշենի երիտասարդ մասնագետներից վերապատրաստվել են արշավային եւ հնագիտական տուրիզմի գիդեր, քարտեզագրվել են տուրիստական մի շարք երթուղիներ, ձեռք է բերվել ցուցադրության վիրտուալ սարքեր՝ հոլոգրաֆիկ բուրգ, որի միջոցով ցուցադրվում են Լճաշենի հնագիտական նշանակության գտածոները եւ հեռադիտակ, որով զբոսաշրջիկները կարող են դիտել Լճաշենի Կիկլոպյան ամրոցի ամբողջական պատկերը։ Հյուրատունը միաժամանակ ստեղծվել է որպես համայնքի սոցիալ-տնտեսասկան զարգացման ուղղվածության կառույց։ Մենք նպատակ ենք ունեցել լճաշենցիներին օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է տեղում եկամուտ ստանալ համայնքի պատմամշակութային արժեքների ցուցադրմամբ։ Բացի այդ, մեր հյուրերին գիշերակացի ենք ուղարկում համայնքի այն բնակարաններում, որոնք ունեն համապատասխան պայմաններ եւ կարող են վարձով տրամադրվել։ Սնվելու համար ճաշատեսակների պատրաստման հումքը գնում ենք գյուղացիներից, ինչն էլ խթան է հանդիսանում, որպեսզի նրանք շահագրգռված լինեն անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու մեջ։ Փորձում ենք ներդաշնակել հնագիտական տուրիզմը արշավային տուրիզմի, զբոսաշրջային մյուս ուղղությունների եւ գրավչությունների հետ, ինչն առայժմ բավականին հաջող ստացվում է»,-ներկայացրեց Սաթիկ Բադեյանը։
Գնել Սանոսյանը շրջեց հյուրատուն-սոցիալական ձեռնարկությունում, որտեղ ցուցադրված էին նախաուրարտական, ուրարտական ու հետուրարտական մշակույթի իրեր, ծանոթացավ կազմակերպության առաջիկա նախաձեռնություններին ու ծրագրերին, զրուցեց հյուրատան անձնակազմի եւ դրամաշնորհային աջակցություն ցուցաբերած կազմակերպությունների ներկայացուցիչների, հյուրատանը բացված վարպետաց դասերի մասնակիցների հետ։ Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետը կիսվեց իր տպավորություններով։
«Այս հյուրատան ստեղծմամբ ինչպես Լճաշենի, այնպես էլ մեր մարզի համար զարգացման եւս մեկ հնարավորություն է ստեղծվում։ Բավական հաջող են համադրվել համայնքի պատմամշակութային հարուստ ժառանգության եւ զբոսաշրջային մյուս գրավչությունների մեկտեղման հնարավորությունները։ Աշխարհի տարբեր երկրներից եւ ինչու չէ, նաեւ Հայաստանի այլ մարզերից այստեղ հյուրընկալված զբոսաշրջիկները կարող են եւ՛ լավ հանգստանալ, եւ՛ միաժամանակ ծանոթանալ Լճաշենի հարուստ պատմությանն ու պատմամշակութային արժեքներին»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59