Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին

11.02.2021


Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին։ Արարողությանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Մարտունու տարածաշրջանի համայնքերի ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։
Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։
«Սիրելի նորակոչիկներ, այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը, որը համընկնում է ձեր բանակ մեկնելու օրվա հետ։ 1570 տարի առաջ այս օրը Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ կաթողիկոսը, Ղեւոնդ երեցը եւ մյուս քաջերը որոշում կայացրին՝ թշնամու դեմ կռվել վասն հայրենյաց, վասն հավատո եւ իրենց սուրբ նահատակությամբ պահպանեցին մայրենի լեզուն, հայրենի հողն ու հավատը։Այժմ ձեր հերթն է՝ հայրենի հողի ու հավատի համար զինվորական ծառայության մեկնելու։Պետք է քաջ գիտակցեք, որ հայրենի հողի ու հավատի համար ճակատամարտը դեռեւս չի ավարտվել, որ մեր կրած կորուստները ժամանակավոր են, որոնք կվերականգնվեն հայ զինվորի անձնվիրության ու քաջության շնորհիվ։ Թող ձեզ միշտ առաջնորդի Վարդանանց հերոսական ոգին»,-նորակոչիկներին քաջալերեց Տեր Գեւորգը։
Նորակոչիկներին ողջունեց եւ բարի ծառայություն մաղթեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Սիրելի նորակոչիկներ, ձեզ բանակ ճանապարհելու արարողությունն առանձնահատուկ է, քանի որ այն առաջին անգամ է տեղի ունենում պատերազմի ավարտից հետո։ Այո, այդ ծանր պատերազմից հետո մեր պետությունն ու բանակը վիրավոր են, եւ դուք գնում եք՝ այդ վերքերը բուժելու։ Դուք ձեր ոգով ու կամքով պիտի բանակում տրամադրություն փոխեք, ամուր կանգնեք ձեր հրամանատարների ու ծառայակիցների կողքին, վերականգնեք մեր բանակի հզորությունն ու ապահովեք մեր հայյրենիքի խաղաղությունը։Անվտանգ ու խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում բոլորիդ»,-նորակոչիկներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը։
Նորակոչիկներին ողջույնի ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաեւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Ստեփան Հակոբյանը։
Ձմեռային զորակոչն ընթանում է նաեւ մարզի մյուս տարածաշրջաններում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 13:46:56