Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լսվեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը 2020 թվականին կատարված աշխատանքների մասին

27.01.2021

Հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը լսեցին 2020 թվականի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզում ԱԻ և ՔՊ ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Այն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը: Հաշվետվությանը ներկա էին Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի փրկարար ծառայության աշխատակիցներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:
Ըստ փրկարարական վարչության հաշվետվության՝ 2020 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 551 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 35 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 126 մարդ: Գրանցված դեպքերից 281-ը տեխնածին են, որոնց հետևանքով զոհվել է 30, վիրավորվել 107 մարդ: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 172-ը հրդեհի դեպքերն են: Հրդեհների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել: Տեխնածին բնույթի դեպքերից 87-ը ՃՏՊ-ներ են, որոնց հետևանքով զոհվել է 22, տուժել 106 մարդ: «Հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 725 ահազանգ, որոնցից 174-ը փոխանցվել է այլ շահագրգիռ մարմինների: Մարզի Սևան, Ծովակ, Ճամբարակ, Չկալովկա, Ծակքար և Սարուխան համայնքներում մասնակցել ենք արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմաներով շտաբային ուսումնավարժությունների: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպաանության համակարգերի նախապատրաստման 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված մնացած 24 շտաբային ուսումնավարժությունները չեն անցկացվել COVID-19 համավարակի պատճառով: Հաշվետու ժամանակահատվածում COVID 19 նոր տիպի կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, մարզի համայնքներում կատարվել է բնակչության իրազեկում և 1217 անգամ իրականացվել վարակազերծման աշխատանքներ:
Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում ստեղծվել է քաղաքացիական պաշտպանության շտաբ: Համակարգվել են մարզի ՔՊ ծառայություների աշխատանքը: Պատերազմի ողջ ընթացքում մշակվել են մարզպետարանի և ՄՓՎ կողմից օրական կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներ և ներկայացվել ըստ հասցեատերերի:
Մասնակցել ենք առաջնագծում ընթացող մարտերին: Պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրա ավարտից հետո իրականացրել ենք զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Մասնակցել ենք մարզում իրականացվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և հումանիտար օգնությունների ստացմանն ու բաշխմանը: ՀՀ ԱԻ նախարարի հրամաններով իրականացրել ենք հերթապահություններ և Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողների աճյունների տեղափոխման աշխատանքներ», - նշեց Գարեգին Հակոբյանը:
Ինչպես նշվեց զեկույցում՝ ՄՓՎ հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատները անցկացրել են 2-ական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպաանության համակարգերի նախապատրաստման 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված մնացած 22 հատուկ տակտիկական ուսումնավարժությունները չեն անցկացվել COVID-19 համավարակի պատճառով: Ճշտվել և ուսումնասիրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները և տեխնիկական վիճակը: Մարզի ղեկավար կազմի և բնակչության ազդարարման համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքները ներառվել է մարզի սոցիալ- տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում: Հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզպետն ընդունել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող 5 որոշում: Մշակվել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հաստատմանն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը:
Զեկուցողի կողմից խոսվեց նաև նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների, անձնակազմի համալրման և մի շարք ծառայությունների գործունեության մասին: Հաշվետվության վերջում ներկայացվեց գործունեության ընթացքում առաջացած 8 խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ուղիները:
Ամփոփելով հաշվետվությունը՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը բավարար գնահատեց մարզային փրկարարական վարչության կողմից 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: «Իրականում 2020 թվականը փրկարարների համար եղավ ծանրաբեռնված աշխատանքային տարի՝ պայմանավորված համավարակով և պատերազմական իրավիճակով: Այդիսկ պատճառով պլանավորված մի շարք աշխատանքներ կատարվեցին մասսամբ: Ես կարծում եմ, որ 2021 թվականի ընթացքում փրկարարները կաշխատեն ավելի ծանրաբեռնված գրաֆիկով՝ ստանալով նաև Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների աջակցությունը »,- նշեց Եմիշյանը:
Պատասխանելով ներկաների հարցերին՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ մարզի մի շարք համայնքների ղեկավարների՝ համագործակված եւ արդյունավետ աշխատանքի համար:
«Պատերազմից հետո մենք հայտնվել ենք բոլորովին նոր իրավիճակում, որը թելադրում է պաշտպանական ու անվտանգային նոր համակարգի ստեղծում, առաջացած բազմաբնույթ խնդիրների առաջնահերթ կարգավորում, որը պետք է իրականացնենք համատեղ ուժերով ու նպատակամղված աշխատանքով»,-նշեց մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը:
Մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ա որոշմամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 22 աշխատակիցներ խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55