Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ մարզում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ

26.01.2021

Հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և մարզի տարբեր տարածքներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների միջև:
Հանդիպման մասնակիցները  մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը:
Բացելով հանդիպումը՝ մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզի հասարակական կազմակերպությունների նախագահներին՝ Արցախյան պատերազմի ընթացքում պետությանը և Հայոց բանակին աջակցելու համար:
«Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզը անհամեմատ մեծ աջակցություն է ցուցաբերել Արցախին և առաջնագծին, որից անմասն չեն մնացել նաև մեր մարզի հասարակական կազմակերպությունները, շատ դեպքերում՝ մարզպետարանի հետ համագործակցությամբ: Մարզը մեծածավալ թիկունքային աշխատանք է իրականացրել նաև համայնքների բնակիչների, առաձին բարերարների, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների շնորհիվ, որը, կարծում եմ, համընդհանուր առողջ մթնոլորտի, գիտակցված աշխատանքի, փոխադարձ հարգանքի արդյունք է: Հիմնավորելով հանդիպման նպատակը՝ ես ցանկանում եմ համատեղ քննարկել և լսել ձեր կարծիքներն ու առաջարկները՝ հետպատերազմական իրավիճակում տարբեր ուղղություններով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, դրանք հաշվի առնել նաև մեր աշխատանքային գործունեության ընթացքում և կիրառել: Մյուս կողմից կփորձենք գտնել տարբերակներ, որպեսզի մեր համագործակցությունն ավելի սերտացնենք ու խորացնենք »,- նշեց Գնել Սանոսյանը: Մարզպետը խոսեց նաև Արցախյան պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին պետության կողմից ցուցաբերվող աջակցության մասին եւ առաջարկեց հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել այդ ընտանիքներին և խնդիրներ ի հայտ բերելու դեպքում դրանք ներկայացնել մարզպետարան:
Հասարական կազմակերպությունների նախագահները մարզպետարանի հետ նախորդ տարվա իրենց պասիվ համագործակցությունը կապեցին համավարակի, ապա նաև պատերազմական իրավիճակի հետ՝ միաժամանակ կարևորելով մարզպետարանի հետ համագործակցված աշխատանքը, ինչը նաև ստեղծված իրավիճակում կօգնի տարատեսակ խնդիրների համատեղ լուծմանը:
Այնուհետ նրանք առանձին- առանձին ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք իրականացվել են իրենց կողմից՝ պատերազմի ընթացքում: Հատկապես խոսվեց բանակին ցուցաբերած ֆինանսական և նյութական աջակցության, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին օգնելու, նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, վիրավորում ստացած զինծառայողների համար վերականգնողական բուժումներ անցկացնելու մասին: ՀԿ ներկայացուցիչները կարևորեցին նաև հանրության շրջանում հերոսներին ճանաչելի դարձնելու նպատակով մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, արցախցիների մշակութային նախասիրությունների բացահայտումն ու դրանց կյանքի կոչումը, փառքի անկյունների ստեղծումը:
«Մեր կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ծրագիրն է իրականացնում, սակայն եթե մենք համախմբվենք, ստեղծելով ՀԿ ցանց, և համագործակցենք նաև մարզպետարանի հետ, կկարողանանք հետպատերազմական շրջանում ավելի շատ խնդիրներ լուծել, օգնել պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամներին զբաղվածության ապահովման, բնակարաններ կամ հողատարածքներ ձեռք բերելու, երեխաներին բարոյական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, մշակութային համակարգի ծրագրերում ներառելու և այլ հարցերում»,- նշեցին հանդիպման մասնակիցները:
Ամփոփելով հանդիպումը, Գնել Սանոսյանը հասարակական կազմակերպությունների նախագահներին առաջարկեց ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հարցում ցուցաբերել համագործակցված մոտեցում: «Այս և բազմաթիվ այլ խնդիրներով հանդերձ՝ մենք չպետք է ընկճվենք, պետք է միասին փորձենք ոլորտ առ ոլորտ խնդիրները վեր հանել և դրանց հեռանկարային լուծումներ տանք, միասին պետք է փորձենք մեր մարզի տուրիստական քարտեզը վերաձևավորել և զբոսաշրջությունը գրավիչ դարձնել: Պետք է նոր իրավիճակում լուծումներ գտնել և հզորանալու մասին մտածել, օգտվել նաև բիզնես գաղափարները արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ համատեղ կյանքի կոչելու հնարավորությունից»,- ասաց մարզպետը:
Գնել Սանոսյանը հանդիպումը եզրափակեց լավ լուրով. Գեղարքունիքի մարզի համայնքներում պետական աջակցությամբ այս տարի կշարունակվեն կյանքի կոչվել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55