Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց ռազմական դրության ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարած բուժաշխատողներին

15.01.2021

Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ : Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:
Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ: Գնել Սանոսյանը միաժամանակ դրվատեց մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների եւ բուժանձնակազմերի աշխատանքը, որը հիմնականում անցել է ծանրաբեռնվածության ու դժվարին պայմաններում։
«Բժշկի աշխատանքը երբեք հանգիստ չի եղել, սակայն 2020 թվականն այդ առումով իր դժվարությամբ տարբերվել է նախորդ տարիներից, և չկա այլ ոլորտ, որ ավելի շատ է ծանրաբեռնված եղել, քան առողջապահության ոլորտը: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում այդ ընթացքում համատեղ աշխատելու և մարզը պատվով ներկայացնելու համար: Մենք այդ առումով բավականին լավ ցուցանիշներ ունենք և ոչ միայն կարողացել ենք մարզում մեր վրա դրված խնդիրները պատվով կատարել, այլ գործընկերներին, մայրաքաղաքին և Արցախին բավականին մեծ աջակցություն ենք ցուցաբերել, ինչը բոլորիս համատեղ ջանքերի արդյունք է»,- նշեց Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վարդենիսի և Մարտունու հիվանդանոցների տնօրեններին, բուժաշխատողներին և սպասարկում իրականացնող անձնակազմին՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մեծածավալ գործունեություն իրականացնելու և առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:
Գնել Սանոսյանն այնուհետև խոսեց աշխատանքային տարաբնույթ խնդիրների մասին, որոնք մասնավորապես առնչվում էին մարզի առողջապահական հաստատությունների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փաստաթղթաշրջանառության կարգավորմանը, Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին նկատմամբ հետևողականություն ցուցաբերելուն, դատաբժշկական ոլորտում առկա խնդիրների և տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի կարգավորմանը։
Խոսելով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, անհայտ կորած կամ վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ յուրաքանչյուր սպասարկման տարածքում տվյալների ճշգրիտ հավաքագրման մասին՝ Գեղարքունիքի մարզպետը հանձնարարեց՝ վիրավոր զիծառայողների և նրանց ընտանիքների անդամների հանդեպ ցուցաբերել մարդկային և մասնագիտական բարձր պատասխանատվություն:
« Իմ խնդրանքն է ձեզ՝ անձնապես այցելել ձեր համայնքներում բնակվող Արցախյան պատերազմի բոլոր վիրավորներին, ինչպես որ մենք ենք այցելում մարզի համայնքներից զոհվածների կամ անհայտ կորածների ընտանիքներին: Այցելեք, տեսեք ինչ խնդիրներ ունեն, լրացրեք նրանց տեղեկատվական բացը՝ կապված իրենց համար կառավարության կողմից սահմանված չափորոշիչների հետ, տեղեկացրեք, թե ինչ ծրագրերից, դեղորայքից և սարքավորումներից նրանք կարող են օգտվել: Վիրավոր զինծառայողները պետք է ամեն կերպ զգան բոլորիս ուշադրությունն ու աջակցությունը: Խնդրում եմ նաև մասնագիտական առումով ձեր ուշադրության կենտրոնում պահեք պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների առողջական խնդիրները: Ինչպիսի խնդիրներ այդ ընթացքում կարձանագրեք, մեզ տեղյակ պահեք, որպեսզի մենք էլ աջակցենք մեր հնարավորությունների սահմաններում»,- ասաց մարզպետը:
2020 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Սևան քաղաքային համայնքների հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում մատուցված վճարովի ծառայությունների ուղղությամբ գրանցվել են դրական ցուցանիշներ, իսկ որոշ բուժհիմնարկներում էլ այդ ցուցանիշները նվազել են, ինչն ըստ մարզպետի, թեև որոշ դեպքերում պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, սակայն անհրաժեշտ է այս տարվա ընթացքում շտկել իրավիճակը՝ ցուցաբերելով աշխատանքային բարձր պատասխանատվություն:
Հանդիպման ավարտին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի համապատասխան որոշմամբ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզի առողջապահական հիմնարկների 52 բուժաշխատողների և բուժաշխատանքներում կամավորագրված վարորդների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55