Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին Գետաշեն համայնքում բացվեց հալոթերապիայի կենտրոն

13.01.2021

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և մեծահասակները և երեխաները: Հունվարի 12-ին կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց հալոթերապիայի կենտրոնի նախաձեռնող եւ հիմնադիր տնօրեն Սերժիկ Գալստյանը, կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների եւ փոքրահասակների սենյակները: Կենտրոնում գործելու են նաեւ արոմատոթերապիայի եւ օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի եւ թթվածնային կոկտեյլի միջոցով: Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:
«Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված եւ արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար: Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրոնտիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային եւ հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները եւ այլ կարգի հիվանդություններ: Այստեղ կարող են դիմել նաեւ առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու եւ սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար:Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում: Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ: Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տեւողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե»,-ներկայացրեց Սերժիկ Գալստյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը: «Փաստորեն մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն է, այլ նաեւ պահանջված ու կարեւոր է: Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ ու ճանաչում, ապահովելով նաև կայուն աշխատատեղեր: Մեր հնարավորությունների սահմաններում մենք կաջակցենք նման նախաձեռնություններին»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հալոթերապիայի նորաբաց կենտրոնը գործել կսկսի առաջիկա օրերի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03