Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված սուրբ նահատակների հիշատակին

28.12.2020

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի հասարակությունը ծաղկեդրմամբ եւ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան վերջին պատերազմում նահատակված ակունքցի հերոսների հիշատակին։ Հարգանքի տուրքի արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, զոհվածների ընտանիքների անդամները եւ համայնքի բնակիչներ։
Ծաղկեպսակ դրվեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին, այնուհետ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողությունը, որին հաջորդեց սգո երթը դեպի Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն Ակունքի սուրբ նահատակների հոգիների հանգստության համար։ Ոգեկոչման խոսքեր հնչեցրեց Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Տարոն Հունանյանը։
«Մեր պատմության հազարամյակների ընթացքում անհամար քաջեր են հերոսացել։ Այսօր էլ մերօրյա հերոսներն անմահացան, որպեսզի կանգուն ու ամուր մնա մեր հայրենիքը։ Նրանք մեր հայրենիքի ապրող զավակների համար դարձան հերոսական ու խոսուն կերպարներ, եւ ամեն մի մանուկ, որը կծնվի այս հողի վրա ու կյանք կառնի, կիմանա, թե որքան քաջեր են ապրել այս հողի վրա։Նրանք էլ կլինեն մեր հողի ապագա քաջերը»,-նշեց տեր Տարոն Հունանյանը։
«Այս ցավալի պատերազմից հետո միշտ պետք է հիշենք այն հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին եւ իրենց կյանքի գնով մենք կարողացանք պաշտպանել մեր հայրենիքի այն մասը, որն այժմ ունենք։ Նաեւ մի կարեւոր պատգամ տվեցին մեզ, որ անընդհատ ապրենք ու հզորանանք։Մեր երեխաներին ներգրավելով հիշատակի ու խոնարհումի արարողությունների մեջ՝ նպատակ ունենք սերունդների հիշողության մեջ վառ պահել մերօրյա հերոսների անունն ու գործը։ Մենք պետք է հզորանանք բոլոր ոլորտներում եւ դրա համար մեր խորհուրդը պիտի լինի մատաղ սերնդին՝ առաջին հերթին կրթությամբ զարգացնելու մեր հայրենիքը, որպեսզի այլեւս նոր պատերազմներ ու նման ցավալի իրավիճակ չունենանք»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։
«Ինչպես ողջ Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ակունքի համար կորստյան ցավն ահռելի է։ Բայց մենք պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաեւ մեր հերոսների անունն ու գործը»,-նշեց Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Սիմանյանը։
Արցախյան վերջին պատերազմում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը տվել է 7 զոհված եւ 1 անհետ կորած զինծառայողներ։ Հայրենիքի փրկության համար իրենց անունները փառքով են պսակել ժամկետային զինծառայողներ Գառնիկ Խաչատրյանը, Էդվարդ Պետրոսյանը, Արծրուն Սիմոնյանը, Արտաշես Ջանիբեկյանը, Սուրիկ Ավետիսյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Արա Խաչատրյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03