Նորություններ
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը մարզում բնակվող արցախցի նորածիններին և նրանց մայրերին կտրամադրի նվեր-փաթեթներ
24.12.2020

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի և «Կարմիր Խաչի Հայկական կոմիտե»-ի հետ, դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզ է տեղափոխել օգնության փաթեթներ, որոնք նախատեսված են տրամադրել Արցախից մարզի տարբեր համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերին ու իրենց նորածին երեխաներին: Նվեր-փաթեթները ներառում են մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ և այլ պարագաներ:
Նվեր -փաթեթները լիովին բավարար են ծննդաբերության պատրաստվող կանանց և նորածինների հիվանդանոցային կարիքների համար: Գեղարքունիքի մարզպետարանում շահառուների տվյալների հավաքագրմամբ և փաթեթները հասցեատերերին տրամադրելու գործընթացով զբաղվում է Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Բաժնի պետի հավաստմամբ փաթեթները հասցեական սկզբունքով կբաշխվեն մինչև տարեվերջ՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից: