Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում բացվեց Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի Թումո տուփը

18.12.2020

Դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գավառ քաղաքում հիմնված Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տուփի բացման արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, փոխնախարարներ, հյուրեր, երիտասարդներ և դպրոցականներ: Նորաբաց տուփը նախատեսված է 12-18 տարեկան մոտ 300-320 ուսանողի համար: Թումո կենտրոնի տուփի հիմնումը կայացել է ամերիկյան «Դոթ 818» ընկերության ֆինանսական աջակցությամբ։ Այս պահի դրությամբ Գավառից և նրա հարակից համայնքներից տուփում գրանցվել են 200 դպրոցականներ, որոնք պարապմունքների կհաճախեն շաբաթը մեկ կամ երկու օր: Թեև նորաբաց տուփն իր տարածքով փոքր է, սակայն առկա գերժամանակակից տեխնիկական հնարավորությունների շնորհիվ այստեղ հաճախողները կարող են յուրացնել 14 տարատեսակ ծրագրեր:
«Ես ողջունում եմ Գավառ քաղաքում Թումո կենտրոնի բացումը և ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Ուզում եմ մարզի բնակիչներին տեղեկացնել, որ Թումո կենտրոնի հետ աշխատող ևս 8 այսպիսի տուփ կունենանք մարզում: Շատ լավ է, որ մարզերում ստեղծվում է հնարավորություն, որպեսզի մեր երեխաները չկենտրոնանան մեկ վայրում կամ մայրաքաղաքում՝ ժամանակակից գիտելիքներ ձեռք բերելու նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում բավականին մեծ պոտենցիալ կա, և նման կենտրոնների բացումը հնարավորություն կտա՝ այդ պոտենցիալն իրացնելու, իսկ ժամանակակից աշխարհում այս ոլորտը, կարծում եմ, տնտեսության առաջատար ուժն է լինելու: Ուրախ եմ, որ այս կենտրոնում 200-ից ավելի դպրոցական կա արդեն գրանցված, ունենք ևս 120 տեղ, և հույս ունեմ, որ կարճ ժամանակահատվածում գրանցվածների թիվը կամբողջանա: Գեղարքունիքի մարզպետարանը, մարզի համայնքներն ու գործարարները պատրաստակամ են՝ աջակցել կենտրոնին և համագործակցել նրա հետ, որպեսզի մարզի մնացած տուփերը ևս սեղմ ժամկետներում կառուցվեն և կյանքի կոչվեն»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Նորաբաց տուփը կապվելու է Դիլիջանի կենտրոնական Թումոյին, որպեսզի հնարավորությունները էլ ավելի մեծացնենք դասընթացների առումով: Դիլիջան մեկնելու համար աշակերտները կապահովվեն տրանսպորտային միջոցով: Յուրաքանչյուր աշակերտ տարին 3-4 ամիս շաբաթը 2 անգամ միանալու է Դիլիջանի կենտրոնական Թումոյին, իսկ մնացած աշխատանքները, շաբաթը 1 կամ 2 անգամ, տարվելու են այս տուփից: Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն և այլն», -նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Սա իրոք ապագային ուղղված գաղափար է, որը դառնում է իրականություն մեր բոլորի աչքի առջև՝ ապահովելով արդյունավետ գործունեություն: Հատկապես մարզերում շատ կարևոր է նման տուփերի ստեղծումը, քանզի դրանց շնորհիվ հրաշալի միջավայրում հնարավոր է արդյունավետ գործունեություն ծավալել: Ես այստեղ հաճախող աշակերտների աչքերի մեջ տեսնում եմ երջանկություն և հավատ ու կասկած չունեմ, որ նրանց սպասվում է խոստումնալից ապագա: Ես շատ կարևորում եմ նաև կենտրոնի ղեկավարության հետ մեր համագործակցված և արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նման տուփեր հիմնել նաև Արցախում՝ տեղի դպրոցականների համար »,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Դասընթացներում ընդգրկված ուսանողներն ու դպրոցականները հյուրերին ներկայացրեցին իրենց մտահղացումներն ու նորարարական նշանակության աշխատանքները։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55