Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետը զրույցի էր հրավիրել Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահին
15.12.2020
![](http://gegharkunik.mtad.am/files/n_pics/27507_s.jpg)
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իր մի մտահղացման հետ կապված՝ զրույցի էր հրավիրել Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահ, արձակագիր Տիգրան Նիկողոսյանին:
Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմին նաև բազմաթիվ գեղարքունիքցիներ մասնակցեցին՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորներ: Նրանցից հարյուր յոթանասունն անմահացան: Հայրենյաց զինվորների կյանքն ու գործը իմաստավորող «Ցավի և հպարտության հուշամատյան» գրքի ստեղծման, մարզի կրթական հաստատություններում նրանց նվիրված անկյունների, սրահների, դասարանների ձևավորման, փողոցների անվանակոչության ու անվանական կրթաթոշակների սահմանման ուղղությամբ իր մոտեցումները ներկայացնելուց հետո Գնել Սանոսյանն առաջարկեց Նիկողոսյանի` տարիներ առաջ լույս տեսած «Խրամատային եղբայրները» էսսեի մոտիվներով ձեռնամուխ լինել այս գրքի ստեղծման ու հրատարակման աշխատանքներին՝ հնարավորության դեպքում ներառելով և ներկայացնելով նաև 1988-ից ի վեր Արցախյան ազատամարտին մասնակցած և նահատակված գեղարքունիքցի բոլոր տղաներին:
Գնել Սանոսյանը Տիգրան Նիկողոսյանին առաջարկեց նաև բոլոր այդ նյութերը առաջիկա համարից սկսած՝ հրապարակել իր իսկ խմբագրմամբ լույս տեսնող «Հայաստան» պարբերականում: Օգտվելով առիթից, մարզպետը շնորհավորեց նրան պարբերականի 100-ամյակի կապակցությամբ, որ լրացավ օրերս, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում մարզային մասշտաբով նշել պարբերականի հոբելյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 100-ամյա պարբերականի 24 խմբագիրներից երեքը ծնունդով այս մարզից են, ավելի ստույգ` Սարուխան համայնքից։