Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում հարգանքի տուրք մարտուցվեց 1988թ երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2020

Սպիտակի Մեծ երկրաշարժի 32-րդ տարելիցի առթիվ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց և իր խոնարհումը բերեց ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Նույն վայրում ծաղիկներ խոնարհեցին նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային և քաղաքային ենթակայության կառույցների ներկայացուցիչներ: Ծաղկեդրման արարողությունն ուղեկցվեց տերունական աղոթքով, ապա մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին՝ նահատակների հոգիների հանգստության համար:
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը հնչեցրեց ոգեկոչման ուղերձ: « Հերթական անգամ Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերի մասնակցությամբ մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ ի հիշատակ Մեծ երկրաշարժի անմեզ զոհերի հիշատակի: Ուզում եմ կարևորել այն իրողությունը, որ Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների պատասխանատուները մշտապես, միահամուռ և հավաքական կերպով ներկա են գտնվում ազգային բոլոր իրադարձություններին, և ցանկացած տոնակատարություն ու հիշատակի օր մեր մարզի կողմից հավուր պատշաճի հարգվում է: Այս ամիսներին մենք ձեզ հետ միասին ծանր օրեր ապրեցինք: Մեր երիտասարդ զավակների կորուստը, մեր հայրենիքի որոշ հատվածի կորուստը մեզ համար դառնություն է և մեծ վիշտ: Բայց ես ուզում եմ առանձնակի գնահատանքով խոսել, որ այդ օրերին մեր մարզը, լինելով սահմանակից Արցախի հանրապետությանը, առավել զգոնության և առավել համախմբումի մեջ էր: Մենք ինքներս տեսնում էինք, թե ամենօրյա աշխատանքով ինչպես էր իրականացվում անհրաժեշտը, որպեսզի օգնություն հասցվեր թե Արցախին, թե առաջնագծին: Մենք տագնապի մեջ էինք, բայց մեր մարզը, մեր մարզպետի գլխավորությամբ, կանգնած էր սահմանին պատրաստակամ կերպով: Ես ուզում եմ հայցել Տիրոջ օրհնությունը, որ զորացնի մեզ բոլորիս, այս օրերին առավել քան երբևէ ես կարծում եմ, որ համազգային մեր կյանքում անհրաժեշտություն կա համախմբումի, սիրո և համերաշխության: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր հանդուժողականությամբ է պայմանավորված մեր հայրենիքի հզորությունը: Մենք հավատում ենք իբրև քրիստոնյա, իբրև եկեղեցական, մեր հաղթական Տիրոջ օրինակով, որ մեր համախմբումով, մեր կազմակերպվածությամբ մենք դեռ շատ ու շատ անելիքներ ունենք մեր ազգային կյանքում»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26