Նորություններ
Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը
02.12.2020

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցների ասֆալտապատումը։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն 485 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել նոյեմբերի վերջերին։ Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով: Զորավար Անդրանիկ փողոցն ասֆալտապատվել է 700, 21-րդ փողոցը՝ 600 գծամետր երկարությամբ: Այս պահի դրությամբ Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է ընդհանուր աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Մնացած աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Նախատեսվում է կառուցել 1500 մետր երկարության լուսավորության ցանց՝ տեղադրելով 75 լուսատու, տեղեկացնում են Աստղաձորի համայնքապետարանից: